Ադրբեջանական և հայկական կողմերի հետ բանակցությունները շարունակվում են. ՌԴ ՊՆ

Դեկտեմբերի 13-ին ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակել է բանակցել ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը ապաշրջափակելու համար, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուսական կողմը, սակայն, բանակցություններից մանրամասներ չի հրապարակում:

Արցախի տեղեկատվական շտաբը դեկտեմբերի 12-ին հայտարարեց, որ առավոտից մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Խաղաղապահ առաքելությունը երեկվա տեղեկագրում հաստատել էր այս տեղեկությունը՝ նշելով խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: