«Անժամկետ նստացույց ու շարժում ենք սկսում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև». Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյան, արխիվ

Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարում է, որ անժամկետ նստացույց ու շարժում են սկսում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև:

«ՄԱԿ-ի մարմինները պետք է դատապարտեն Ադրբեջանի ցեղասպանական գործողություններն ու շրջափակումը Արցախի ժողովրդի հանդեպ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անդրադառնա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցին՝ հստակ միջազգային երաշխիքներ տրամադրելով: Առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) և Եվրոպական միությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի գործողությունները և գործնական միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանին սանձելու ուղղությամբ», - հայտարարում է Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում:

Հայաստանի հասարակությանը արցախցի գործիչը կոչ անում «դուրս գալ անտարբերության ու անօգնականության թմբիրից և ամեն մեկն իր չափով ու ձևով նպաստի Արցախի պաշտպանության ու հայկական ապագայի երաշխավորման սուրբ գործին; տարբեր հանրային գործողություններով ճնշման տակ պահել հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների դեսպանատները՝ պահանջելով հստակ գործողություններ՝ և՛ առանձին, և՛ ՄԱԿ-ի ձևաչափով; բոլոր հնարավոր տեղերում խոսել ու գրել Արցախի կարևորության ու ներկա կարիքի մասին՝ և՛ հայերենով, և՛ օտար լեզուներով; ով կարող է միանալ նստացույցին կամ բողոքի այլ գործողությունների, թող միանա, քանի որ Արցախի մեր հայրենակիցները շատ ավելի մեծ զրկանքներ են կրում հիմա»:

Սփյուռքի հայրենակիցներին Բեգլարյանը կոչ է անում իրենց երկրներում կազմակերպել հանրային անհնազանդության գործողություններ՝ պահանջելով իրենց կառավարություններից գործնական քայլեր Արցախի պաշտպանության և Ադրբեջանին սանձելու համար, իրազեկման արշավներ մեկնարկել՝ ուղղված օտար հասարակություններին ու լրատվամիջոցներին Արցախի հայության կարիքները ու ադրբեջանական հանցագործությունները ներկայացնելուն:

«Արցախը ամբողջ հայության անզիջում արժեքն է, և այս պայքարն էլ բոլորինս է», - հայտարարում է Արտակ Բեգլարյանը:

Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակ է դեկտեմբերի 12-ի առավոտից։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել, խարույկ վառել, ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Երեկ երեկոյան էլ հաղորդվեց, որ Ադրբեջանը խափանել է նաև Արցախի գազամատակարարումը: