Բրյուսելը չի երկարաձգում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի ժամկետը

Եվրամիության դիտորդները Հայաստանում, հոկտեմբեր, 2022թ.

Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարեց Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ նման որոշում է կայացվել Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած նիստին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը. Ժոզեպ Բորել

Բորելի գնահատմամբ՝ առաքելության աշխատանքն «արդյունավետ» էր, բայց առաքելության ժամկետը չերկարաձգելու պատճառների մասին նա չխոսեց, միայն նշեց, որ «և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ պայմանավորվածության համաձայն»՝ առաքելությունը իր գործունեությունը դեկտեմբերի 19-ին պետք է ավարտի։

«Այդուհանդերձ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ, որպեսզի ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի», - հավելեց Բորելը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քառակողմ հանդիպման հայտարարությունում երկու կարևոր արձանագրում կա

Եվրամիությունը Հայաստանում` Ադրբեջանի հետ սահմանին դիտորդական առաքելություն է տեղակայել ադրբեջանական զինված ուժերի սեպտեմբերյան հարձակումից մոտ մեկ ամիս անց Պրահայում կայացած՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման արդյունքում: 40 անզեն դիտորդներից կազմված առաքելության մանդատը, ինչպես Եվրամիությունն էր պարզաբանել, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային շրջաններում իրավիճակը դիտարկելն է՝ նպաստելու երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօրվանից մեկնարկել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Կովկասում. Ժոզեպ Բորել

Եվրոպական դաշինքը հատուկ շեշտել էր, որ առաքելությունը հետաքննություն չի իրականացնելու. - «Այն դատավճիռ կայացնողի դեր չի ստանձնելու, քաղաքական բնույթի եզրակացություններ չի անելու, այլ փոխանցելու է իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները եվրոպական կառույցներին ու ծառայություններին»: Հայ - ադրբեջանական սահմանին շարունակվող հրադադարի ռեժիմի խախտումների ֆոնին, սակայն, Եվրամիության պաշտոնյաների կողմից առայսօր չկար արձագանք, որում հղում կատարվեր եվրոպացի դիտորդների տրամադրած տեղեկատվությանը։

Եվրամիության քաղաքացիական դիտորդական խմբի մանդատի երկարաձգման անհրաժեշտության մասին առայժմ միայն պաշտոնական Փարիզն է խոսել։ Առաքելության ներկայությունը «պետք է երկարաձգվի այնքան, որքան անհրաժեշտ է՝ սա է մեր համոզմունքը, սա նաև հայերի ցանկությունն է», - անցած շաբաթ հայտարարել էր Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի ԱԳ նախարար. Անհրաժեշտ է երկարաձգել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը