Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ անցնող շաբաթ տեղի ունեցած բանակցությունների արդյունքների համաձայն՝ այսօրվանից ստուգումներ են սկսում Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։
«2022 թվականի դեկտեմբերի 3-ին և 7-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքների համաձայն՝ դեկտեմբերի 10-ից, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության, Բնապահպանության և բնական պաշարների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գործող Պետական գույքի ծառայության աշխատակիցները և «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ն սկսում են նախնական մոնիտորինգ՝ ուսումնասիրելու օգտակար հանածոների հանքավայրերում ապօրինի շահագործման փաստերը Ադրբեջանի Հանրապետության տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը», - ասվում է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության և ԱՀ բնապահպանության և բնական պաշարների նախարարության համատեղ հայտարարությունում։
Պաշտոնական Ստեփանակերտը, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը նման ստուգումների մասին չեն տեղեկացրել, Ադրբեջանի կառավարության հայտարարությունը դեռ չեն մեկնաբանել: