Ռուսական ուժերը ռմբակոծում են ուկրաինական ենթակառուցվածքները և շարունակելու են դա անել, այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
Հարևան երկրի դեմ արդեն տասն ամիս լայնածավալ պատերազմ մղող Ռուսաստանի նախագահը մեղքը, սակայն, բարդում է ուկրաինական կողմի վրա. - «Հիմա մեծ աղմուկ է բարձրանում մեր հարձակումների մասին հարևան երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Այո, մենք դա անում ենք: Բայց ո՞վ սկսեց։ Ո՞վ է հարվածել Ղրիմի կամրջին, ո՞վ է պայթեցրել Կուրսկի ատոմակայանի էլեկտրահաղորդման գծերը։ Մեր պատասխան քայլերերին՝ աղմուկ, աղմուկ, ճռճռոց ամբողջ Տիեզերքում, ինչի սակայն չի խանգարի մեր մարտական առաջադրանքներին»։
Մինչ Կրեմլը գրեթե ամեն օր հայտարարում է պատերազմը շարունակելու պատրաստակամության մասին, Ուկրաինայի առաջնորդը հավատում է, որ ռազմական գործողությունները կարող են ավարտվել եկող տարի։ Զելենսկին այս մասին խոսել է «Եվրոպայի ամենահզոր մարդը» ճանաչվելու կապակցությամբ հղած ուղերձում։ Politico ամսագիրն է նրան տվել այդ կոչումը իր ամենամյա վարկանիշային ցուցակում։
«Ես հավատում եմ, որ ուկրաինացիներն ամենաազդեցիկն են լինելու հաջորդ տարի, բայց արդեն խաղաղ ժամանակ», - ասել է Զելենսկին։
Նա նաև շնորհակալություն է հայտնել «Եվրոպայում Ուկրաինայի բոլոր բարեկամներին, ովքեր օգնում են միլիոնավոր ուկրաինացիներին դիմակայել Ռուսաստանի սարսափելի ագրեսիային»։
Politico-ն Զելենսկիին Եվրոպայի ամենահզոր մարդ կոչելու որոշումը այսպես է բացատրում. «Եվրոպան փոխվում է: Մայրցամաքը վերագնահատում է իր ռազմավարական հարաբերությունները՝ ավելի լրջորեն վերաբերվելով պաշտպանությանը, վերանայելով առևտրային քաղաքականությունը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ոլորտում քաղաքականությունը: Լայն իմաստով սա վերաիմաստավորում է, թե ինչ է նշանակում ընդհանրապես եվրոպացի լինելը, և դա մեծամասամբ պայմանավորված է նախագահ դարձած ուկրաինացի կատակերգակով»։
Politico-ն իր ամփոփիչ վարկանիշում ներառել է նաև Ռուսաստանի նախագահին՝ նրան անվանելով «տարվա անհաջողակը»։
«Վլադիմիր Պուտինի երազանքը մեծ Ռուսաստանի մասին դժվար թե իրականանա: Նրա լայնածավալ ներխուժումն Ուկրաինա փլուզվել է գրեթե նույնքան արագ, որքան սկսվել է», - գրում է Politico-ն:
Պուտինն այս գնահատականի հետ համաձայն չէ և երեկ իրեն համեմատել է Ռուսաստանի թերևս ամենահզոր ցարի՝ Պետրոս Մեծի հետ. - «Դուք նշեցիք, որ Ռուսաստանի կազմում հայտնվել են նոր տարածքներ։ Սա մեծ ձեռքբերում է Ռուսաստանի համար, սա լուրջ հարց է։ Պետք է խոստովանել, որ Ազովի ծովը դարձել է Ռուսաստանի ներքին ծովը, սա լուրջ բան է։ Պետրոս Առաջինը կռվել է, որ նման արդյունք ստանա»։
Պուտինը նաև հայտարարել է, թե պատերազմը երկար է տևելու։ Որքան՝ չի հստակեցրել, բայց փորձել է հանգստացնել ռուսաստանցիներին՝ ասելով, թե նոր մոբիլիզիայի անհրաժեշտություն չկա։
Ռուսական աղբյուրները մինչդեռ վերջերս գրում են, որ ռուսական բանակն Ամանորից հետո նոր մոբիլիզացիա կսկսի, Կրեմլը սա հերքում է։ Ընդ որում, Պուտինը մինչև օրս չի ստորագրել սեպտեմբերին հայտարարված մոբլիլիզացիայի ավարտի մասին հրամանագիրը։ Այսինքն՝ իրավական առումով մոբիլիզացիայի նոր փուլ կարող է սկսվել ցանկացած պահի։
Մինչ այդ, ռազմական գործողությունները շարունակվում են։ Իրավիճակը հատկապես թեժ է Բախմուտի մոտ։ Բայց ռուսներին դեռ չի հաջողվում գրավել քաղաքը։ Շարունակվում են նաև ուկրաինական բնակավայերերի ռմբակոծությունները։