Բաքվում բանտված Վիգեն Էուլջեքյանի մայրը՝ տիկին Բեատրիսը, որդու հետ մեկ շաբաթ առաջ է խոսել. - «Ըսավ՝ բան մը ըրեք, ինձի ազատեք հոստեղեն։ Ձայնը տխուր է, շատ տխուր է, լալու պես կխոսի»։
Մայրը տագնապած է, ասում է՝ նրա կյանքին վտանգ է սպառնում, հիվանդ է։
Վիգենի կինը՝ Լինդա Էուլջեքյանը նույնն է պնդում. - «Վիգենը 95 կգ էր, հիմա 45 է դարձել: Վիգենը հիվանդ է, հաց չի ուտում։ Կարմիր խաչը ասել է, որ հնարավորություն ունեն բոլոր գերիներին ուտելիք ուղարկել։ Հիմա ես նույնպես իր համար ծանրոց եմ պատրաստում»։
Լինդան ծանրոցի պարունակությունն է ցույց տալիս, դուստրը ՝ Քրիստինն է ընտրում մթերքը, հրահանգել են, որ տուփերը միայն անգլերեն կամ թուրքերեն տառերով պիտի լինեն, արաբերեն ոչ մի բառ։
Վիգենի կինն արաբախոս է, բայց ամուսնու հետ պետք է այդ լեզվով չխոսի. սա նույնպես Բաքվի բանտապահների պահանջն է. - «Վիգենը ամիսը մեկ անգամ զանգահարում է՝ 50 վայրկյանով։ Վերջին հեռախոսազրույցի ժամանակ, ցանկանում էր արաբերեն խոսել և ինչ որ բան փոխանցել, իրեն արգելում էին։ Այդ ժամանակ գոռոցներ լսեցի... Վիգենը ասաց՝ արդեն մեռել եմ, է՞լ ինչ եք ուզում անել ինձ»։
Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Շուշիում էր վերաբնակվել 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ։ Գերեվարվեց եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ Մարալ Նաջարյանի հետ Բերձոր, ապա Շուշի էին գնում՝ անձնական իրերի հետևից, պաշտոնական լրատվությանը հետևել ու այդտեղ Շուշիի գրավման մասին ոչինչ չէին գտել։
Վիգենն ընդամենը մեկ շաբաթ էր առաջնագծում եղել, բայց պաշտոնական Բաքուն նրան ներկայացրեց որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան ու դատապարտեց 20 տարվա ազատազրկման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Բաքվում դատապարտվեց 20 տարվա ազատազրկմանԼինդան լիբանանյան բոլոր հեռուստաալիքներով խնդրում է ազատ արձակել ամուսնուն, դիմում է Լիբանանի ու Հայաստանի իշխանություններին. - «Ուզում եմ, որ Հայաստանի իշխանությունն էլ խոսի Վիգենի մասին»։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից տեղեկացրին, որ Ստրասբուրգի դատարանը մինչև Վիգենի դատապարտումը միջանկյալ միջոց էր կիրառել ու Ադրբեջանին հարցում ուղարկել։ Այժմ Բաքվի բանտում առողջությունը քայքայող հայ գերու հարցով եվրոպական դատարան դիմելու ընթացակարգ չկա։
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր ու ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունու խոսքով, այդ երկրի արտգործնախարարությունը այս հարցով բանակցություններ է վարում Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների հետ. - «Ադրբեջանի դեսպանը Լիբանանի մեջ կանչված է արտաքին գործոց նախարարություն, և բողոք ներկայացված է իրեն, որ ցարդ կարելի չէ եղած ընել այն դասավորումը, որ պետք է ընտանքին այցելության իրավունք տրվի։ Դեսպանը ժամանակ ուզած է պատասխանելու»։
Ըստ Բագատունու, Վիգենի ազատ արձակման հարցով ակտիվ միջամտություններ է իրականացնում նաև Լիբանանի ընդհանուր ապահովության տնօրեն Աբաս Իբրահիմը։ Այժմ խնդիր է այն, որ այդ երկրում Ադրբեջանի դեսպանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, նորը դեռ չկա. - «Ազերբեյջանի իշխանություններուն հետ կապը կհաստատե Թեհրանի մեջ Լիբանանի դեսպանը, որը նաև համատեղ դիվանագիտական ներկայացուցիչն է Ազերբեյջանի մեջ»։
Պատգամավորին զարմացնում է այն, որ ընտանիքը պետք է սնունդ ուղարկի Բաքու։ Ի դեպ, ասել են՝ ամիսը մեկ անգամ. - «Ինձի համար ալ տարօրինակ է, որ ինչու Լիբանանեն ուտեստեղեն պիտի ղրկվի, կամ արտասահմանեն ուտեստեղեն պիտի ղրկվի, և ոչ թե հոնտեղեն տեղվույն Կարմիր մահիկը, որ իրենց Կարմիր խաչի տարբերակն է, կարենա օժանդակություն ընել»։
Լինդան ասում է, որ շարունակելու է պայքարել ամուսնու ազատության համար։ Նա ջերմանում է Վիգենի հետ վերջին զրույցի միայն մեկ նախադասությամբ. - «Ասավ ինձի՝ աղվորիկս մի լար, Աստված մենծ է, զորավոր կեցիր ինձի համար»։