Սուր շնչառական հիվանդությունների թիվը աճել է հատկապես մինչև 14 տարեկան երեխաների շրջանում

Մուրացան մանկական կլինիկայում այս պահին ազատ մահճակալ չկա, բոլոր բաժանմունքներն ընդունում են միայն սուր շնչառական վարակներով երեխաներին։ Այստեղ հոսպիտալացված ավելի քան 230 երեխաների շուրջ 70 տոկոս այդ խնդրով է հիվանդանոց հասել՝ մի քանի օրականից մինչև մի քանի ամսական, անգամ թոքաբորբի բարդություններով։

Երևանի պետական բժշկական համալսարանի ենթակայությամբ գործող մանկական այս կլինիկան միակը չէ, որ այս պահին գերծանրաբեռնված է աշխատում։ Վիրուսի արագ վարակելիությամբ պայմանավորված՝ մեզ հիվանդասենյակներ մտնել թույլ չտվեցին, միայն մեկը, որտեղ արդեն ապաքինվել էին, պատրաստ էին դուրս գրման։ Բոլոր հիվանդասենյակներում, ըստ բժիշկների, թույլատրվածից ավելի շատ էին հոսպիտալացված փոքրիկները։

Համալսարանի ռեկտորն իր ֆեյսբուքյան էջում էր գրել՝ սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է, թիրախում 0-14 տարեկան երեխաներն են։ Բժիշկները խորհուրդ է տալիս պատվաստվել գրիպի դեմ, որ ամեն տարի սեզոնային գրիպի ատիվացման շրջանում հիվանդանոցների աշխատանքը չծանրաբեռնվի, երեխաներն էլ թեթև տանեն վիրուսը։

Ըստ մասնագետների, գրիպով վարակված երեխայի օրգանիզմն ի վիճակի չէ պայքարել սուր շնչառական մյուս վարակները դեմ։ Մանկաբույժ Մարի Դարակչյանն ասում է, որ իրենք աշխատում են ատամները կրճտացնելով, հաճախ ծնողներն ուշացած և ուշ ժամերի են դիմում հիվանդանոց։ Միայն երեկ, ասաց, 225 երեխա են ընդունել՝ ֆիզիկապես սպառվում են, երեխաներ կան ,որ անգամ թթվածնի կարիք են ունենում. - «Որոշների մոտ նաև հիվանդությունը բարդանում է թոքաբորբով, կամ զարգանում են թոքաբորբեր, և էս դեպքում, արդեն հաշվի առնելով տարիքը, բուժման տևողությունը մի փոքր երկարում է»։

Մանկաբույժը ծնողներին խորհուրդ է տալիս 6 ամսականից մեծ երեխաներին պատվաստել գրիպի դեմ, ինքնաբուժությամբ չզբաղվել, ժամանակին դիմել պոլիկլինկա, հետո նոր հիվանդանոց։ Ավանդույթ դարձած մի կարծրատիպ էլ կա, որ, ըստ բժշկի, պետք է վերանայել . - «Խորհուրդ կտամ ամենակարևորը, ինչը, կարծում եմ, մեր ամենօրյա աշխատանքի մեջ շատ բացակայում է և մեր ամենօրյա ապրելակերպի մեջ, որ մտքից հանեն «մրսած ա երեխան» արտահայտությունը։ Այո, մրսածությունը, շոգելը, արևահարվելը դա գործոն է, որը կարող է նպաստել, որպեսզի երեխայի օրգանիզմում առկա վիրուսը ակտիվանա։ Կամ ընդհակառակը՝ տաք պահենք և չակտիվանա... Բայց գլոբալ առումով, եթե ձեր երեխան ունի քթահոսություն, հազ, թուլություն, վատ ինքնազգացողություն, ամենայն հավանականությամբ, նա հիվանդ է, և հիվանդ է որևիցե վիրուսային կամ բակտերիալ վարակով»։

Հայաստանի բոլոր հիվանդանոցներում, երեկվա տվյալներով, սուր շնչառական վարակներով 0-18 տարեկան 698 անչափահասներ են բուժում ստանում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն ասում է՝ սուր շնչառական վարակներով երեխաների թիվը շաբաթներով է աճում։ Օրինակ, այս շաբաթ, նախորդի համեմատ,10 տոկոս աճ են գրանցել։ Շրջանառվում է գրիպի երկու տեսակ՝ H1N1-ը, սա խոզի գրիպն է ու H3N2-ը. - «Առավել շատ հոսպիտալացվածների կունենանք, շտապօգնության կանչերն են ավելացել։ Ասեմ, որ ընդհանուր կանչերի մոտ 10 տոկոսն է բաժին ընկնում սուր շնչառական վարակների և գրիպով պայմանավորված դեպքերին։ Ընդհանուր հիվանդացության գերազանց մեծամասնությունը երեխաներն են մինչև չորս տարեկան։ Որը և սպասելի էր, հիմնականում մեր ռիսկի խումբը մինչև չորս տարեկան, մինչև հինգ տարեկան երեխաներն են և մեծահասակ բնակչությունը։ Հոսպիտալացումները գերազանցապես՝ մոտ 80 տոկոսը մինչև 14 տարեկան երեխաներն են»։

Համաճարակաբանները կանխատեսում են, որ տոնական ակտիվ շփումների պատճառով վիրուսներն է'լ ավելի կտարածվեն։ ՀՎԿԱԿ-ի պաշտոնյան հիշեցնում է՝ բոլոր հվանդանոցներում, Հանրապետության հարպարակի շարժական կայանում ու պոլիկլինիկաներում գրիպի և քովիդի դեմ պաստվաստանյութերը հասանելի են։ Քրոնիկ հիվանդություններ ունեցողները, տարեցները, հղիները, երեխաներն ու փակ հաստատությունների քաղաքացիները, ըստ Գայանե Սահակյանի, վիրուսի թրիախում են։

Մասնագետները խորհուրդ են տալիս գրիպի դեմ պատվաստվելուց հետո առնվազն երկու շաբաթ խուսափել ակտիվ շփումներից, մինչև օրգանիզմում վիրուսի հանդեպ իմունիտետ զարգանա։ Գրիպի դեմ պատվաստվում են ամեն տարի՝ սեզոնից առաջ, դա հոկտեմբերի առաջին շաբաթն է։