Հայաստանում կրկին ավելանում են քովիդի դեպքերը, բայց մահեր վերջին շրջանում չեն գրանցվել։ Մասնագետները չեն բացառում համավարակի նոր ալիքի հավանականությունը։ Եվրամիության չափորոշիչների համաձայն՝ այժմ Հայաստանը նարնջագույն գոտում է՝ ռիսկային կարմիրից ընդամենը մեկ քայլ հեռու։
Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն ասում է՝ նոր շրջանառվող, մուտացված շտամերն են վիրուսի արագ տարածման հիմնական պատճառը. «Այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում դեպքերն աճում են BA.4, BA.5-ի հետևանքով, մենք էլ ունենք նման շրջանառվող շտամեր արդեն»:
«Թվերի աճ կարող ենք կանխատեսել աշնան ամիսներին»
Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը հորդորում է համակերպվել այն մտքի հետ, որ քովիդը դարձել է շրջանառվող հերթական վարակիչ հիվանդություն, և պարբերաբար թվերի աճ լինելու է։ Այս անգամ վարակի տարածման տեմպի պատճառը նոր շտամից բացի, ըստ մասնագետի, նաև այն է, որ երկար ժամանակ առաջ պատվաստված մարդիկ արդեն կորցնում են վիրուսի նկատմամբ իմունիտետը, արդյունքում վարակի տարածման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում։
«Թվերի աճ կարող ենք կանխատեսել աշնան ամիսներին, երբ ուսումնական պրոցեսները կվերականգնվեն, մարդիկ արձակուրդից կվերադառնան», - նշեց նա:
Ըստ հետազոտությունների՝ բուստեր դեղաչափն առավել մեծ պաշտպանողականություն է ապահովում այս նոր ենթատեսակի դեմ։
«Առայժմ թեթև է ընթանում հիվանդությունը, դեռևս շատ ծանր դեպքեր չեն արձանագրվում մեծ քանակությամբ: Հիվանդանոցներում կան մարդիկ պառկած, բայց ավելի շատ պատվաստված մարդիկ թեթև են տանում», - ասաց Աբովյանը:
Հայաստանում ամբողջությամբ պատվաստվել է մեկ միլիոն մարդ
Պաշտոնական վերջին տվյալներով` այսօր Հայաստանում ամբողջությամբ՝ երկու դեղաչափով պատվաստվել է մեկ միլիոն մարդ։ Քիչ են, սակայն, բուստեր՝ խթանիչ դեղաչափը ստացածները՝ ընդամենը 60.000 մարդ։ Մասնագետները հիշեցնում են, որ պատվաստումը չի զսպում հիվանդության տարածումը, սակայն կանխում է հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր, անդառնալի դեպքերը:
«Պատրաստվելու հաջորդ ալիքի, որն, ամեն դեպքում ես իմ կարծիքն եմ հայտնում, չեմ կարծում, որ լինի այնպիսի ծանր ընթացքով, ինչպիսին օրինակ` չորրորդ ալիքն էր կամ երրորդը, երկրորդը, զուտ մարդկային կյանքերի կորուստի տեսանկյունից ամեն դեպքում համակերպվելով, որ սա մեր մեջ շրջանառվող հերթական վարակն է, պետք է ինչպես սեզոնային գրիպի դեպքում, այսինքն` պատվաստվել յուրաքանչյուր տարի», - շեշտեց Դավիթ Մելիք-Նուբարյանը:
Դեպքերի կտրուկ աճի դեպքում կքննարկվի նոր սահմանափակումների հարցը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վերջին վեց շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում COVID-19-ի նոր դեպքերը եռապատկվել են, եվրոպացի մասնագետները մտահոգություն են հայտնել, որ ցրտերի մոտենալուն զուգընթաց վարակն ավելի արագ կտարածվի: Եվրոպական որոշ երկրներում արդեն իսկ սահմանափակումների հեռանկարի մասին են խոսում, սակայն Հայաստանում դրանց կիրառումը կախված կլինի քովիդի տարածման ընթացքից։
«Դիմակների կրումը փակ տարածքում, մարդաշատ վայրերում և սոցիալական հեռավորության պահպանումը, միաժամանակ ձեռքերի հիգիենայի ապահովումը խորհուրդ է տրվում առայժմ, այսինքն` պարտադիր որպես այդպիսին դեռևս նման սահմանափակում չկա դիմակների կրման, բացառությամբ բժշկական կազմակերպություններում, նաև պատվաստումը` որպես արդյունավետ միջոց հատկապես բուստեռ դեղաչափ ստանալը խորհուրդ է տրվում, որ այն անձինք, ովքեր ունեն երկու պատվաստում, պարտադիր երրորդ բուստեռը ստանան: Իսկ եթե դեպքերն սկսեն կտրուկ աճել, բնականաբար արդեն կքննարկվի նոր սահմանափակումների հարցը», - ասաց Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետը:
Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, սակայն, չի կարծում, որ նոր սահմանափակումները ինչ-որ խնդիր կլուծեն՝ հիշելով, թե ինչ ձևական բնույթ էին կրում դրանք անգամ վարակի ամենապիկին. «Հիմա անգամ եթե սահմանափակումներ լինեն, դրանց կիրառական արդյունավետությունը մեծ հարցեր է առաջացնում»:
Վարակի շղթան կտրելու համար, այդուհանդերձ, մասնագետները հորդորում են հետևել սեփական վարքին ու հիգիենային, նաև սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններ՝ քթից արտահոսք, բարձր ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ ունենալու դեպքում դիմել պոլիկլինիկա՝ թեստավորման, այլ ոչ թե զբաղվել ինքնախտորոշմամբ։