Կուրսկում ԱԹՍ-ի հարվածից նավթի կուտակման ամբար է վառվել

Ռուսաստանի Կուրսկի շրջանի օդանավակայանի հատվածում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով նավթի կուտակման ամբար է վառվել, տուժածներ չկան, հայտարարել է այդ շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը՝ հավելելով, որ հրդեհը տեղայնացվում է, հատուկ ծառայություններն աշխատում են տեղում:

Ավելի ուշ նա հայտնել է, որ հրդեհի պատճառով դադարեցվել են դասերը երկու դպրոցներում:

Կուրսկի շրջանը սահմանակից է ուկրաինական Սումիի շրջանին: Կուրսկում տեղակայված օդանավակայանը մինչև Ռուսաստանի հարձակումն ընդունում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ինքնաթիռներ, սակայն պատերազմի մեկնարկից ի վեր այն բացառապես ռազմական օդանավակայանի է վերածվել:

Կուրսկի օդանավակայանի վրա հարձակումը Ռուսաստանի տարածքում վերջին երկու օրերի ընթացքում արդեն երրորդն է, նախօրեին անօդաչու սարքերը գրոհել էին նաև Ռյազանի և Սարատովի մոտ գտնվող օդանավակայանները: Մոսկվան Կիևին է մեղադրում այդ պայթյունների համար, որոնց հետևանքով երեք զինծառայող է զոհվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայթյուններ խոր թիկունքում գտնվող ռուսական ռազմական օդանավակայաններում