Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, թե ընդդիմության ներկայացուցիչները երկրի քաղաքացիներին հավաքագրում և ուղարկում են Ուկրաինա կռվելու։
Ղարիբաշվիլին կարծում է, որ իր հակառակորդները պարզապես «քաղաքական դիվիդենտներ են ուզում ստանալ Վրաստանի քաղաքացիների մահից»՝ նկատի ունենալով Ուկրաինայի զինված ուժերի կողմից կռվող վրացի կամավորների կորուստները։
Վրաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, նրանց հարազատներին ու մտերիմներին և հայտնել, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով արդեն զոհվել է իր երկրի 33 քաղաքացի:
Ղարիբաշվիլին նաև նշել է, որ «իշխանությունների ողջամիտ քաղաքականության շնորհիվ չնայած բազմաթիվ փորձերին՝ «երկրորդ ճակատը» չհաջողվեց տեղափոխել Վրաստան»։ Վրաստանի առաջնորդը պնդել է․ - «Եթե ընդդիմությունն այժմ իշխանության ղեկին լիներ, Վրաստանը կվերածեր պոլիգոնի»:
Դեկտեմբերի 4-ին հայտնի է դարձել Դոնեցկի մարզի Բախմուտի մերձակայքում տեղի ունեցած թեժ մարտերում վեց վրացի կամավորների մահվան մասին։ Զինծառայող Ռոմեո Պարուլավայի խոսքով՝ իր հայրենակիցները շրջափակման մեջ են հայտնվել:
Ավելի ուշ «Վրացական ազգային լեգեոնի» հիմնադիր և հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին ուկրաինական «Էսպրեսսո» հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ զոհված վրացի կամավորները Ուկրաինայի համար կռվել են «Կարպատյան սիչ» կամավորական գումարտակի կազմում և հրաժարվել են հանձնվել: Նա հավելել է, թե «Վրաստանը բազմաթիվ կյանքեր է զոհաբերել Ուկրաինային աջակցելու համար»:
Վրացական աղբյուրների համաձայն՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ընդհանուր առմամբ շուրջ 1500 վրացի կամավորներ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մասնակցում են ռազմական գործողություններին։ Նրանց թվում կան և՛ Վրաստանի, և՛ Ուկրաինայի քաղաքացիներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարիբաշվիլի․ «30 տարում երեք պատերազմը մեզ լիուլի բավարար է»