Անկախություն ստանալուց հետո Վրաստանը երեք անգամ պատերազմել է, դա «մեզ լիուլի բավարար է», այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա նշել է, որ իր կառավարության գլխավոր պարտականությունը երկրում խաղաղության և կայունության պահպանումն է։
Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին Վրաստանի առավել ակտիվ ներգրավվածության կոչերին՝ Ղարիբաշվիլին դրանց հեղինակներին մեղադրել է երեսպաշտության մեջ։
«Այդ երեսպաշտ քաղաքական գործիչներից ո՞ր մեկն է զոհվել պատերազմում։ Ոմանք շատ ակտիվ են, հատկապես Ֆեյսբուքում։ Եթե իրոք ցանկանում են մասնակցել պատերազմին, թող գնան առաջնագիծ, այլ ոչ թե Կիևում սելֆիներ անեն», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը օկուպացված տարածքներ ունեցող պետություն է, ուստի «այստեղից հնչող ամեն մի խոսք պետք է խոհեմ լինի»։