Ամիսներ են պետք, որ նախկին գերիները թոթափեն հոգեբանական խնդիրները. իրավապաշտպանները ծառայությունից ազատման հարցն են բարձրացնում

«Նորից էդ մարդուն տանել, այդ ամենի մեջով անցնի, մարդկային առումով էլ է սխալ»

Սեպտեմբերյան սահմանային մարտերի ժամանակ գերեվարված, ապա հայրենադարձված հարազատի առողջական վիճակը չի բարելավվել, պատմում է «Ազատության» զրուցակիցը։

«Միանշանակ, եթե մարդը ինքը կռիվ տված լիներ ու պրծած լիներ դրանից, 100 տոկոս առաջինը ես էի ասելու, որ գնա ու նորից ծառայի, գնա, ապեր, դու տեսել ես՝ կռիվն ինչ բան է, գնա ու պարտքդ տուր հայրենիքիդ, բայց այն դեպքում, երբ մարդը բռնվել ա, ինքը հաստատ, ոչ մեկն իր կամքով չի գնա, ընկնի թշնամու ձեռքը, ու ով գիտի՝ էնտեղ ինչ է սպասվում: Կփորձի դաժե մեռնի, բայց չգնա, դա բնական բան է, բայց եթե արդեն բռնվել է, նորից էդ մարդուն տանել, այդ ամենի մեջով անցնի, մարդկային առումով էլ է սխալ», - ասում է նա:

Երեքշաբաթյա գերության հետևանքները հաղթահարելու համար 19-ամյա զինծառայողը բուժում է ստացել Կանազի հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, բայց ապարդյուն՝ առողջ զորակոչված երիտասարդը, նախնական տվյալներով, ազատվել է ծառայությունից, ասաց զինվորի փաստաբան Անի Չատինյանը։

«Ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար, սակայն դեռևս հրաման որպես այդպիսին չկա, մինչև սեպտեմբերի 30-ն է նախատեսված հրամանի համար ժամկետը, մինչ այդ գտնվում է կրկին վերականգնողական արձակուրդում», - նշում է իրավաբան Անի Չատինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սեպտեմբերյան երկօրյա մարտերից հետո 16 հոգի դեռևս անհետ կորած է

Սեպտեմբերին գերեվարված 17 զինվորներից 4-ն են դեռ ճանաչվել պիտանի ծառայության համար

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերին գերեվարված 17 զինվորներից 4-ն են դեռ ճանաչվել պիտանի ծառայության համար։ Այս ցուցանիշն արդեն վկայում է այն մասին, որ ամիսներ են հարկավոր, որ գերության մեջ խոշտանգված զինվորները թոթափեն հոգեբանական խնդիրները, կարծում են նրանցից մի քանիսի խնդիրներով զբաղվող ՀՔԱ Վանաձորի գրասենյակում։

«Ըստ մասնագետ հոգեբանների տված եզրակացությունների՝ ախտորոշումն այնպիսին է, որ խնդիրներ կարող են առաջանալ, երբ անձը հայտնվի զինվորական ծառայության մեջ, արդեն փակ տարածքում, որտեղ հոգեբանորեն դեռևս վերականգնված չեն, կարող են մեծ խնդիրներ առաջանալ, ընդհուպ մինչև զենքով դիմացինին՝ զինծառայակից ընկերոջը սպառնալ, կրակել և այլն: Հոգեբանները ևս նշում են, որ անհրաժեշտ է անհատական հանդիպումներ ունենալ այս անձանց հետ, որպեսզի կարողանան հաղթահարել այդ վախի զգացողությունները», - շեշտում է իրավաբանը:

Անի Չատինյանը պատմում է, որ հոգեբուժարանաում բուժված զինվորներից մեկին շաբաթական երկու անգամ է հոգեբան այցելել, այնինչ նրանք, ըստ մասնագետների, կարիք ունեն անհատական և տևական հոգեբանական աջակցության։ Իրենք էլ են զինվորներին տրամադրում հոգեբաններ, բայց այդ հարցը պետության պարտավորությունն է։ Դեռ 44-օրյա պատերազմից հետո գերիների հետ աշխատող փաստաբանը պնդում է՝ առանց բացառության, բոլորն էլ ունեն հոգեբանական խնդիրներ, և եթե անգամ զինվորն ազատվում է ծառայությունից, միևնույն է, դրանից հետո էլ պետությունը պարտավոր է լուծել նրանց խնդիրները։

«Նշում են, որ երբ փակ տարածքում են, սենյակում, մահճակալները, այդ տեսակի դռները, պատերի գույները և այլն՝ բանտային, ծառայության հետ կապված, այդ տարածքում գտնվելիս անընդհատ մտավախություն, տագնապի զգացողություն ունեն, որ ուր որ է՝ դուռը կբացվի, և ինչ-որ մեկը ներս կմտնի և կսկսի ծեծել, հարվածել», - նշում է նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերիներին դեռ չբուժած հետ են ուղարկում ծառայության. ահազանգում են ծնողները

Սարսափելի ծանր հոգեբանական վիճակում է այդ տղան, որին զորակոչել են. Ժաննա Ալեքսանյան

Ինչո՞ւ իշխանությունները չեն լուծում գերիներին վերջնականապես ծառայությունից ազատելու հարցը։ Այս պահանջը դեռ 44-օրյա պատերազմից բարձրացնում են իրավապաշտպանները։ Ժաննա Ալեքսանյանը անցած շաբաթ հանդիպել է սեպտեմբերյան բախումներից հետո գերեվարված մի քանի զինվորների ու նրանց հարազատների հետ, տխուր տպավորություն է ստացել. «Անհավասարակշիռ, նյարդային, լարվածություն: Արժանապատվորեն ծառայել են բանակում: Ինքը բարձր ջերմություն է ունեցել և ճանապարհին անընդհատ ընկնում էր, և ադրբեջանցիները փորձել են նրան գնդակահարել հենց այդ ճանապարհին և կարողացել են տղաները փաստորեն հետ պահել:

Սարսափելի ծանր հոգեբանական վիճակում է այդ տղան, որին զորակոչել են: Պաշտպանության նախարարության հանձնաժողովները առողջություն ունեցող զինծառայողների խնդիրները երբեք էլ օբյեկտիվ չեն մոտեցել: Ինչպե՞ս կարելի էր այդ տղային տանել ծառայության»:

Ինչո՞ւ Պաշտպանության նախարարությունը գերիներին առհասարակ ծառայությունից ազատելու հարցը չի բարձրացնում օրենսդիրների առջև, գերատեսչությունից խոստացան առաջիկայում պատասխանել «Ազատության» այս հարցին։ Սա գերությունից վերադարձածների միակ խնդիրը չէ։ Ալեքսանյանը, հիշեցնելով անցած տարի գերի ընկածների մասին վարչապետի ու խորհրդարանի խոսնակի հայտարարություններն, ասում է՝ ադրբեջանական բանտերում կտտանքների ենթարկված զինվորականների նկատմամբ կա բացասական վերաբերմունք, ու դրան նաև պաշտոնյաները նպաստեցին:

«Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև, կներեք, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ, և պետք է հստակ բոլոր դեպքերով, և գուցե թե մենք այստեղ ընդհանրապես սխալ ենք վարվել նաև էմոցիոնալ ֆոնի վրա, պետք է քննվի․ ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում», - ասել էր ՀՀ վարչապետը:

«Դա անմարդկային հայտարարություններ էին, որոնք իրավապահ մարմինները ընկալում են որպես ցուցում», - նշեց իրավապաշտպան Ալեքսանյանը:

Նա հիշեցնում է նռնակի պատմությունը, երբ գերիներին զինվորականները հարցրել էին, թե նռնակ չունեի՞ք, որ գերի եք ընկել։ Այս մասին «Ազատությանը» պատմել էր նաև ծնողներից մեկը։ Պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» հայտնել են՝ ռազմական ոստիկանությունը քննել ու եզրակացրել է՝ նման դեպք չի եղել։