Իրանի իշխանությունները հայտարարել են, որ կվերանայեն հիջաբի պարտադիր կրման օրենքը

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ կվերանայեն հիջաբի՝ գլխաշորի պարտադիր կրման մասին օրենքը: Որոշումը երկու ամիս տևած բողոքի ցույցերի արդյունքն է կանանց դրես կոդի (հագուստի կոդեքսի) դեմ, որը պահանջում է ծածկել գլուխը հանրության առաջ:

«Եվ խորհրդարանը, և դատական համակարգը աշխատում են այս հարցի շուրջ»,- ասել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչ և ինչ ուղղությամբ են ծրագրում փոխել իշխանությունները։

Այլ նորություններ կարելի է սպասել մեկ-երկու շաբաթից, երբ վերլուծական խումբը կպատրաստի իր զեկույցը, շեշտել է գլխավոր դատախազը։

Իրանում 1983 թվականից օրենսդրորեն ամրագրված է հիջաբ կրելու պարտավորությունը, սակայն երկրում այս հարցում կոնսենսուս չկա։ Քննարկում է ընթանում պահպանողական և բարեփոխական շրջանակների միջև։ Առաջինները պնդում են, որ հիջաբը պետք է պարտադիր լինի, իսկ երկրորդներն առաջարկում են կանանց իրավունք տալ ընտրելու՝ ծածկել գլուխը, թե ոչ։

Իրանում զանգվածային անկարգությունները սկսվել են սեպտեմբերի 16-ին՝ այն բանից հետո, երբ ոստիկանության բաժանմունքում մահացել է մահմեդական գլխաշորը՝ հիջաբը ոչ պատշաճ ձևով կրելու համար բերման ենթարկված մի 22-ամյա երիտասարդ կին՝ ծագումով քուրդ Մահսա Ամինին: