Դեկտեմբերի 3-ին Քաթարում տեղի ունեցան ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ ութերորդի առաջին երկու հանդիպումները:
Նիդերլանդները հաղթեց ԱՄՆ-ին, գոլերը խփեցին 10-րդ րոպեին հոլանդացի Մեմֆիս Դեպայը, 45+1 րոպեին Դեյլի Բլինդը, 76-րդ րոպեին Հաջի Ռայթը կրճատեց հաշիվը, բայց 81-րդ րոպեին Դենզել Դյումֆրիզը այն դարձրեց 3-1:
Ապա սկսվեց Արգենտինա-Ավստրալիա հանդիպումը՝ 1000-րդը Լիոնել Մեսսիի պրոֆեսիոնալ կարիերայում:
Թվում էր, թե 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից Մեսսիի առաջնորդած թիմն առանց բարդությունների մեծ առավելությամբ կհաղթի, բայց «սոքերուզները»՝ այդպես են ավստրալացի ֆուտբոլիստներին անվանում երկրպագուները, արժանի դիմադրություն ցույց տվեցին:
Լիոնել Մեսսին 35-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփեց առաջին գոլը: Երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին Խուլիան Ալվարեսը հաշիվը դարձրեց 2-0:
77-րդ րոպեին գրանցվեց արգենտինացի Էնցո Ֆերնանդեսի ինքնագոլը: Դրանից հետո արգենտինացիները կարող էին ևս 2-3 գոլ խփել, բայց չստացվեց: Ավստրալացիներն էլ կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն նոր գոլ չեղավ, հանդիպումն ավարտվեց Արգենտինայի հաղթանակով՝ 2-1:
Այսպիսով, Նիդերլանդները և Արգենտինան դուրս եկան մեկ քառորդ և այդ փուլում իրար հետ էլ կխաղան: Դա տեղի կունենա դեկտեմբերի 9-ին:
Իսկ դեկտեմբերի 4-ին մեկ ութերորդում տեղի կունենան Ֆրանսիա Լեհաստան և Անգլիա-Սենեգալ հանդիպումները: