Ադրբեջանական կողմը մանրամասներ է հայտնել ռուս խաղաղապահների հետ բանակցություններից

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ հանդիպած ադրբեջանական կողմը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում օգտակար հանածոների «ապօրինի շահագործման ու այդ գործունեության հետևանքների առնչությամբ»։ Կարևորել են տեղում մոնիտորինգի, գույքագրման և բնապահպանական ուսումնասիրության անհրաժեշտությունը։

Ադրբեջանի բնապահպանության նախարարության հաղորդմամբ՝ քննարկումների արդյունքում սկսվել է այդ աշխատանքների իրականացման համար ճանապարհային քարտեզի նախապատրաստումը։

Ոչ ռուսական խաղաղապահ զորակազմը, ոչ էլ Ստեփանակերտը բանակցություններից մանրամասներ դեռ չեն հայտնել։

Բաքվի հաղորդմամբ՝ հանդիպումը կայացել է ռուս խաղաղապահների Խոջալուի շտաբում, ադրբեջանցիներն արդեն վերադարձել են Շուշի։

Այսօր կեսօրից մի խումբ ադրբեջանցիներ փակել էին Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ պատճառաբանելով բնապահպանական խնդիրները։ Արցախի պետնախարարի խորհրդականն «Ազատության» հետ զրույցում ենթադրել էր, թե Բաքուն Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրի պատրվակով է ճանապարհը փակել։