Արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները։
Արարատ Միրզոյանն, ըստ ԱԳՆ հաղորդագրության, ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումները, շարունակական սադրանքները և ռազմատենչ հայտարարությունները հանդիսանում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:
Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:
«Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային մարտահրավերներին՝ ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիաների հետևանքների վերացման և Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման հրամայականը», - ասված է հաղորդագրությունում:
Ռիքերը Երևան է ժամանել Բաքու ու Թբիլիսի գնալուց հետո։ Սա նրա երկրորդ այցն է տարածաշրջան: