Սաակաշվիլիի մայրը պնդում է՝ նախկին նախագահը հեռանում է քաղաքական ասպարեզից

Գիուլի Ալասանիան, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, հայտարարել է, որ իր զավակը հեռանում է քաղաքականությունից: Այդ մասին հայտարարությունը նա տեղադրել է նախկին նախագահի Ֆեյսբուքի էջում:

«Միխեիլ Սաակաշվիլին չի պատրաստվում որևէ կերպ մասնակցել Վրաստանի քաղաքական կյանքին և հուսով է, որ իր նկատմամբ կընդունվի արդար որոշում»,- ասվում է բանտարկված նախկին նախագահի մոր հայտարարությունում:

Գիուլի Ալասանիայի փոխանցմամբ, որդին Վրաստանի իշխանություններին չի մեղադրում հնարավոր թունավորման համար, որի մասին ավելի վաղ խոսել են նրա փաստաբանները:

Ալասանիայի պնդմամբ, «եթե որդուն թունավորել են, ապա, հավանական է, որ դա մեկ ուրիշ երկիր է կազմակերպել»:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն, Սաակաշվիլիի օրգանիզմում ծանր մետաղներ, այդ թվում՝ սնդիկ է հայտնաբերվել:

«Էմպատիա» («Կարեկցանք») հասարակակաան կազմակերպության փորձագետները հայտարարել են, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը վատթարացել է և նրան փրկելու համար անհրաժեշտ է արտասահման բուժման ուղարկել:

Սաակաշվիլիին ձերբակալել են Վրաստանում 2021 թվականի տեղական ընտրությունների նախօրեին: Նա մեղադրվել է երկիր ապօրինի ճանապարհով մուտք գործելու և իշխանությունը զավթելու նպատակով բողոքի չարտոնված ակցիաներ կազմակերպելու մտադրության համար:

Նրան փոխադրել են Ռուսթավի քաղաքի բանտ, որտեղ նա հացադուլ է հայտարարել: Ավելի ուշ՝ առողջակիան վիճակի վատթարացման կապակցությամբ, նրան փոխադրել են զինվորական հոսպիտալ: Սաակաշվիլին իրեն քաղաքական բանտարկյալ է հայտարարել:

Մի շարք երկրների գործող և նախկին լիդերներ Վրաստանին դիմել են՝ Սաակաշվիլիին ազատելու խնդրանքով, սակայն, պաշտոնական Թբիլիսին մերժել է դիմումները:

Այսօրվա դրությամբ Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է Թբիլիսիում՝ «Վիվամեդ» մասնավոր հիվանդանոցում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլիի մոտ տուբերկուլյոզ և դեմենցիա է ախտորոշվել