Ինքնաթիռն ընկել է Ջրաբերի ավազահանքերից մեկի հարևանությամբ. պատճառները դեռ պարզ չեն

Մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է ժամը 13:11-ին, իսկ մոտ մեկ ժամ անց այն հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում։ Անձնակազմի երկու անդամները զոհվել են, հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից։ Կործանված օդանավը «Զվարթնոց» օդակայանից ուղևորվում էր դեպի Ռուսաստանի Աստրախան քաղաք։ Ինքնաթիռն ընկել էր Ջրաբերի ավազահանքերից մեկի հարևանությամբ։

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ փոքրիկ մարդատար ինքնաթիռը ընկնելու հետևանքով է հրդեհվել։

Ավազահանքի անմիջապես հարևանությամբ տներ չկան, դեպքի վայրից փոխանցում է «Ազատության» թղթակիցը։

Զոհված օդաչուները, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, Ռուսաստանի դաշնության քաղաքացիներ են՝ 43 և 39 տարեկան։ Գերատեսչությունն նրանց անվան առաջին տառերն է հրապարակել միայն։

«Արզնի գյուղի մոտակայքում կապը կորել է, անմիջապես մենք արձագանքել ենք, համայնքի ղեկավարներին տեղեկացրել ենք, որ կապը կորել է ինքնաթիռի հետ, անմիջապես երեք օպերատիվ խումբ արձագանքել է տարբեր ուղղություններով, որովհետև նախնական տվյալներով՝ ինֆորմացիա կար, որ Գութնասարից դեպի Գագարին գնացող ճանապարհին կարող է լինել՝ սարերի վրա, անմիջապես փրկարարները որոնողափրկրարական աշխատանքներ են իրականացրել, և 14:30-ի սահմաններում քաղաքացին կապնվեց Կոտայքի մարզային փրկարարական վարչություն՝ 911, հայտնեց, որ Ջրաբեր գյուղի ավազի հանքեր տանող ճանապարհի վրա ծուխ է նկատում», - ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ներկայացուցիչ Գևորգ Սեդրակյանը:

Թե ինչն է եղել օդանավի կործանման պատճառը, այս պահին դեռ պաշտոնապես չի հաղորդվել։ «Ազատությունը» Սեդրակյանից ճշտեց՝ արդյոք կա՞ կասկած, որ մառախլախատ եղանակն է եղել վթարի պատճառը։

«Ոչ մի ինֆորմացիա դեռ չենք կարող ասել, թե եղանակային պայմաններից է եղել, թե ինչ պայմաններում է ինքնաթիռը վայր ընկել, միայն գիտենք, որ ՌԴ քաղաքացիներ էին, որ ուզում էին մեկնել Աստրախան», - ասաց նա:

Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում, հայտնում են գերատեսչությունից։