Նախագահ Ջո Բայդենի կողմից Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու առաջադրված Լին Թրեյսին խոստացել է այդ պաշտոնում հաստատվելու դեպքում առաջնահերթություն դարձնել Ռուսաստանում կալանավորված ամերիկացիների ազատ արձակումը:
«Ռուսական կալանքի տակ գտնվող ԱՄՆ քաղաքացիների աղետալի վիճակը իմ գլխավոր առաջնահերթությունն է լինելու», - ասել է Թրեյսին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր հաստատման հարցով լսումների ժամանակ։
Դեռևս պարզ չէ` կոնկրետ երբ Լին Թրեյսին կստանձնի պաշտոնը, եթե նրա թեկնածությունը հաստատվի:
Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Լին Թրեյսին արդեն աշխատել է Մոսկվայում 2014-ից 2017 թվականներին՝ որպես առաքելության ղեկավարի տեղակալ։ Նա խոսում է ռուսերեն, և եթե նշանակվի, կլինի Ռուսաստանում ԱՄՆ առաջին կին դեսպանը: