Մատչելիության հղումներ

Մոսկվան բավարարել է Լին Թրեյսիին ԱՄՆ դեսպան նշանակելու Վաշինգտոնի հայտը


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին, արխիվ:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին, արխիվ:

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր ասել է, որ ռուսական կողմը բավարարել է Հայաստանում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Լին Թրեյսիին Ռուսաստանում դեսպան նշանակելու ամերիկացիների դիմումը:

«Այո, ագրեմանը տվել ենք: Բանն այն է, որ նրանք ավելի վաղ էին ագրեման խնդրել, իսկ այդ թեկնածուին առաջադրելու մասին նոր են հայտնել, ագրեմանը տվել ենք»,- ասել է Ռյաբկովը:

(«Ագրեման»՝ ֆրանսերեն agrément-ից է, միջազգային դիվանագիտական պրակտիկայում նշանակում է թեկնածուին դեսպան նշանակելու ընդունող երկրի թույլտվությունը):

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Թրեյսիի նշանակումը կարող է վկայել ռուս-ամերիկյան երկխոսության ակտիվացման մասին, փոխնախարարն ասել է, որ նախ պետք է սպասել Սենատում Թրեյսիի թեկնածության հաստատմանը:

«Մենք չգիտենք նրանց օրակարգը, մանավանդ, որ այնտեղ միջանկյալ ընտրություններն են մոտենում, մենք չենք կարող որևէ բան կանխագուշակել, թող նրանք որոշեն, դա նրանց գործն է»,- ասել է Ռյաբկովը:

2014-17 թվականներին Լին Թրեյսին Մոսկվայում աշխատել է որպես դեսպան Ջոն Թեֆթի տեղակալ: Հաճախ այցելել է Ռուսաստանի տարբեր շրջաններ:

Դրանից հետո Լին Թրեյսին պետական դեպարտամենտում զբաղեցրել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնը:

Լին Թրեյսին 2019 թվականից է ստանձնել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:

XS
SM
MD
LG