Երեկ Ադրբեջանի զինուժը շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
«Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին ժամը 18։10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առավոտյան հաղորդել է, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները երեկ երեկոյան և գիշերը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղակայված դիրքերից գնդակոծել են ադրբեջանական դիրքերը «Քելբաջարի շրջանի Ելիջա, Լաչինի շրջանի Հաջիլար բնակավայրերի և Ղարագյոլի (Սև լճի) ուղղություններով», Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողներն էլ երեկոյան գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Աղդամի ուղղությամբ: Հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինուժը «համարժեք պատասխան միջոցներ» է ձեռնարկել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարը, կիրառել է նաև ականանետ․ ՊՆ