Բելառուսի ընդդիմության աղբյուրներից հայտնել են, որ բանտում պատիժը կրող Մարիա Կոլեսնիկովային երկուշաբթի օրը փոխադրել են հիվանդանոց և վիրահատել են:
Նա գտնվում է «կայուն ծանր վիճակում»: Վիրահատության պատճառի մասին տեղեկություն չկա: Հաղորդվում է միայն, որ Կոլեսնիկովայի մոտ ախտորոշվել է «վիրաբուժական պաթոլոգիա», որի կոնկրետ բնույթը չի նշվում:
Ըստ Կոլեսնիկովայի բարեկամների՝ պաթոլոգիան կարող էր առաջանալ «բժշկական անբավարար խնամքի հետևանքով»:
Հիվանդանոց փոխադրվելուց որոշ ժամանակ առաջ Կոլեսնիկովան բանտի վարչակարգի կարգադրությամբ ուղարկվել էր կարգազանցների մեկուսարան: Դրա պատճառի և տևողության մասին չի հաղորդվում:
Հակաիշխանական ցույցեր կազմակերպելու և իշխանությունն ապօրինի եղանակով զավթելու փորձի մեղադրանքներով Կոլեսնիկովան անցյալ տարվա սեպտեմբերին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:
Բելառուսի և արևմտյան երկրների իրավապաշտպանները, առաջատար քաղաքական լիդերները Կոլեսնիկովային և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վիճահարույց ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների կալանավորված մյուս մասնակիցներին քաղաքական բանտարկյալ են համարում և պահանջում են անհապաղ ազատել նրանց: