Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամներ Մարիա Կոլեսնիկովայի և Մաքսիմ Զնակի դիմումները և անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռները:
Կոլեսնիկովան և Զնակը մեղադրվել են չարտոնված ցույցեր կազմակերպելու և պետական հեղաշրջում ծրագրելու համար: Այս տարվա սեպտեմբերի 6-ին Մինսկի շրջանային դատարանը նրանց դատապարտել է համապատասխանաբար` 11 և 10-ը տարվա ազատազրկման:
Այսօրվա դատական նիստին հանրության ներկայացուցիչները մասնակցելու հնարավորություն չեն ունեցել: Կոլեսնիկովային և Զնակին սատարելու համար եկել էին մի խումբ օտարերկրացի դիվանագետներ:
Այս պահին Կոլեսնիկովան և Զնակը գտնվում են բանտում, որտեղից առաջիկայում կփոխադրվեն ուղղիչ-աշխատանքային գաղութ:
Նրանք ձերբակալվել են 2020 թվականի օգոստոսի 9-ի նախագահական վիճահարույց ընտրությունների պաշտոնական արդյունքներով հաղթող ճանաչված Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով տեղի ունեցած բողոքի բազմահազարանոց ակցիաների կապակցությամբ: