Ղազախստանի վերընտրված նախագահը պաշտոնամուտից հետո առաջին այցը կատարեց Մոսկվա

Ղազախստանի վերընտրված նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը պաշտոնամուտից հետո առաջին այցը կատարեց Մոսկվա։ Այսօր նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Պուտինը խոսել է երկու երկրների միջև 2021 թվականին արձանագրված ապրանքաշրջանառության ծավալների աճի մասին, ինչը շարունակվում է նաև 2022-ին։

Տոկաևը նշել է, որ վերընտրվելուց հետո սա իր առաջին արտասահմանյան այցն է, ասելով, որ այն ինքնըստինքյան խորը նշանակություն ունի, քաղաքական նշանակություն։

«Ղազախստանի համար Ռուսաստանի Դաշնությունը կար և մնում է հիմնական ռազմավարական գործընկերը»,- ընդգծել է Տոկաևը։

Նոյեմբերի 20-ին կայացած արտահերթ ընտրություններում Տոկաևը վերընտրվել է՝ ապահովելով իր նախագահության երկրորդ ժամկետը։ Նախկինում նա հրապարակայնորեն դեմ էր արտահայտվել Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի նախագահի տարածքային պահանջներին։