Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանը որպես վկա հրավիրվել է Քննչական կոմիտե մի գործի շրջանակում, որն առնչվում է պատգամավորի և նրա եղբոր դպրոցական ավարտական վկայականներին։
Իրավապահները պնդում են, որ Հանրապետական կուսակցության 28-ամյա անդամի մայրը՝ Մելանյա Գրիգորյանը տարիներ առաջ կեղծ դիմում է ներկայացրել Մոսկվայի Լազարևի անվան միջնակարգ դպրոց, որտեղ էլ իբր որդին և դուստրը սովորելով, ստացել են ավարտական վկայականներ։ Այնինչ իրավապահները պնդում են, որ Աննա և Հայկ Մկրտչյանները այդ ընթացքում մշտապես գտնվել են Հայաստանում, դասերի չեն գնացել, բայց բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելիս փաստաթղթերի հետ ներկայացրել են այդ վկայականները։
Ազգային ժողովի պաշտոնական կայքում պատգամավորի կենսագրությունում Լազարևի դպրոցի մասին նշումներ չկան, իսկ ֆեյսբուքյան էջում հիշատակված է միայն 114 դպրոցը։
Քրեական գործ է հարուցվել պաշտոնական կեղծիքի և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, չխորանալով իրավապահների հրապարակած մանրամասների մեջ, պնդում է՝ հանրությունն իրավապահներից այլ բացահայտումներ է սպասում:
«Առաջին տպավորությունն այն է, որ նախ թիրախավորվում են անձինք, ովքեր անհաճո են իշխանության համար: Երկրորդը՝ ընկնում են այնպիսի մանրամասների հետևից, որոնք ընդհանրապես երկրորդական են կամ շոշափելի որևէ բան չեն փոխելու մեր հասարակության մեջ: Փոխարենը մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ հարցեր մեր հասարակության մեջ և նաև չբացահայտված դեպքեր, միգուցե նաև հանցագործություններ՝ «Մարտի 1»-ից սկսած մինչև այլ տիպի աղմկահարույց դեպքեր, որոնք այդպես էլ չեն բացահայտվում, որոնք այդպես էլ այս համատարած աղմուկի ներքո կորում են», - նշեց իրավապաշտպանը:
Քննչական կոմիտեից հաղորդում են, որ մեղադրյալներ դեռ չկան, իսկ հարցաքննության ներկայացած պատգամավորը հրաժարվել է հարցերի պատասխանել։
«Նիկոլի քաղաքական պատվերով հարուցված գործով ցուցմունք չեմ տվել»,- ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը, որն այսօր անպատասխան թողեց «Ազատության» հեռախոսազանգերն ու նամակները՝ չպարզաբանելով, թե ինչու Քննչական կոմիտեն մի գործից է խոսում, ինքը՝ մեկ այլ։
Իրավապահները չեն պարզաբանում, թե հարցաքննության ներկայացած Մկրտչյանին ԱԱԾ քննիչի այդ ի՞նչ որոշում են փոխանցել՝ լրիվ այլ դրվագի մասին։ Ըստ ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարության, իրենց կուսակցին Քննչական կոմիտեում ներկայացրել են ԱԱԾ քննիչի մի որոշում, որն առնչվում է Աննա Մկրտչյանի ծննդյան վկայականում նրա ծննդյան օրվան։
Պատգամավորն ինքը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ենթադրաբար ԱԱԾ քննչական դեպարտամենտի մի որոշում, ըստ որի սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտում կան տվյալներ, որ Մկրտչյանի ծննդյան վկայականում ծննդյան օրը սխալ է գրված՝ «Հայաստանի անկախության տոնի օրվան համապատասխանեցնելու համար»։
Խորհրդարանի պաշտոնական կայքէջի համաձայն, Մկրտչյանը ծնվել է 1994-ի սեպտեմբերի 21-ին։ Ենթադրվում է, որ ԱԱԾ այս քրեական գործն առնչվում է ոչ թե Աննա Մկրտչյանին, այլ՝ նրա հորը։
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ընդդիմադիր Հանրապետականն իր հերթին հայտարարում է՝ «Հայաստանում քաղաքական հետապնդումներն օրեցօր ստանում են առավել անառողջ և զավեշտալի դրսևորումներ։ Մենք ափսոսանքով արձանագրում ենք, որ Հայաստանի պաշտպանական, իրավապահ, անվտանգային համակարգերն այնքան են հյուծվել, այլասերվել և զրոյացել, որ այդ համակարգերի հենասյուն հանդիսացող ԱԱԾ-ն, փոխանակ զբաղվի երկրի ներսում վխտացող լրտեսներով, պետության առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներով, ակնհայտ քաղաքական պատվերի շրջանակներում սեփական ծառայամտությունը վերածել է ծաղրի»։
Իրավապաշտպան Հովհաննիսյանն, ի տարբերություն ՀՀԿ-ի, քաղաքական հետապնդման մասին պնդում չի կարող անել, բայց վստահ է՝ իրավապահ համակարգը իմիտացիայով է զբաղված։ Իրավապահները հայտնվում են ընդդիմություն-իշխանություն հակամարտության գոտում, և բնականաբար, փորձում են հագուրդ տալ իշխանության շահերին ու զբաղվել իշխանության համար կարևոր խնդիրներով։
«Չեմ կարող պնդել իրականում քաղաքական հետապնդման, բայց որ որոշակիորեն դիրքորոշում է, մոտեցում է այն անցանկալի մարդկանց, որոնք իշխանության համար այդքան էլ հաճո չեն, կարող ենք եզրակացնել», - ընդգծեց Հովհաննիսյանը:
Մկրտչյանների ընտանիքը դեռ անցած տարի էր հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ Պատգամավորի հայրը՝ Քասախի արդեն նախկին գյուղապետ Արա Մկրտչյանը երկու քրեական գործերով էր անցնում։ Մի գործով, ըստ իրավապահների, նա յուրացրել էր գյուղի հողերը աճուրդով վաճառելուց հետո ստացված 31 միլիոն դրամը, մյուսով էլ քասախցիներին անցած տարվա խորհրդարանական ընտրություններին պարտադրել էր քվեարկել իր դստեր օգտին։ Արա Մկրտչյանի հետ կապվել ևս չհաջողվեց։