Մատչելիության հղումներ

Քասախի համայնքապետի կալանքը երկարացվել է, գործով մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի


Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ
Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի կողմից ենթադրյալ չարաշահումների առթիվ քննվող քրեական գործի շրջանակում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ չարաշահումների մեխանիզմը, պետությանը և համայնքին պատճառված վնասի չափը, օժանդակած անձանց շրջանակը, որոնց գործողություններին տրվել են քրեաիրավական գնահատականներ:

Ըստ հաղորդագրության՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ համայնքի ավագանու անդամներից երկուսին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով` «հանցակցություն պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական կեղծիք» (2 դրվագ), ևս մեկին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքապետարանի գլխավոր հաշվապահին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, գլխավոր մասնագետին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, աշխատակազմի քարտուղարին և երկու առաջատար մասնագետներին ՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Ավելի վաղ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 3152-րդ հոդվածով («Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը») Քասախ համայնքի ղեկավարին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա դատարանի կողմից ևս 2 ամսով երկարացվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Քասախ համայնքի 61-ամյա ղեկավար Արա Մկրտչյանը, ով Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պաատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է, կալանքի տակ է անցած տարվա նոյեմբերից։ Ենթադրյալ չարաշահումները հիմնականում վերաբերում են հողատարածքների օտարմանը կամ վարձակալությամբ տրամադրելուն, տարբեր անձանց դրանց հետևանքով հասցված վնասըմ ըստ իրավապահների, մի քանի տասնյակ միլիոն դրամ է կազմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG