Այն, որ դեկտեմբերի 7-ի բրյուսելյան հանդիպումը տեղի չի ունենալու, ըստ քաղաքագետի, բխում է Ռուսաստանի շահերից

Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ տարածաշրջանում և հատկապես հայ-ադրբեջանական համատեքստում տեղի ունեցող գործընթացներն առաջ են ընթանալու իր թելադրանքով, կարծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ նկատելով՝ Ալիևը մաչոյիզմով է զբաղված։

Ադրբեջանի նախագահը օրերս Բաքվում ընթացող միջազգային համաժողովին հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով՝ շեշտելով, թե «Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ»։

«Ֆրանսիան հակաադրբեջանական կողմնակալ դիրքորոշում որդեգրելու բերումով այլևս չի կարող մասնակցել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին», - շեշտել էր Իլհամ Ալիևը՝ որպես Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության օրինակներ նշելով Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների՝ Սենատի և Ազգային ժողովի ընդունած բանաձևերը և «փորձը Ադրբեջանին հարձակման ենթարկել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում»:

Քաղաքագետի համոզմամբ, սրանք միայն առիթ էին Ալիևի համար նմանատիպ որոշում կայացնելու համար՝ նկատելով՝ ֆրանիսական խորհրդարանը շատ ավելի սուր բառապաշարով բանաձև էր ընդունել, սակայն Ադրբեջանն այնուամենայնիվ շարունակում էր բանակցությունները ֆրանսիական միջնորդության ներքո։

«Այստեղ Ալիևը պարզապես, կարծես թե, մաչոյիզմով է փորձում զբաղվել, փորձում է նույն Մակրոնին ցույց տալ, սեփական հասարակությանը ցույց տալ, որ ինքն է որոշում, թե ինչ ձևաչափով են տեղի ունենալու բանակցությունները, և ամենավտանգավորն այն է, որ այս գործընթացում Ադրբեջանը փորձում է Հայաստանին մեղադրել, որ իբր Երևանը հրաժարվում է արևմտյան ձևաչափից։ Օրինակ՝ Բաքվի քարոզիչները հայտարարում են, որ Երևանը՝ իմանալով, որ Ալիևը հրաժարվելու է Մակրոնի միջնորդությամբ հանդիպումից, հատուկ շեշտադրում է կատարել Մակրոնի մասնակցության վրա, որպեսզի հաջորդ հանդիպումները տեղի ունենան ռուսական միջնորդությամբ։ Սրանք, իհարկե, բավականին անլուրջ հայտարարություններ են, որոնք, սակայն, տարածվում են նաև արևմտյան փորձագիտական շրջանակներում, այդ առումով Հայաստանի արտգործնախարարությունը և ընդհանրապես Հայաստանի տարբեր պատկան մարմիններ բավական անելիք ունեն այս հարցում», - ասաց Գրիգորյանը։

Քաղաքագետի համոզմամբ,այն, որ բրյուսելյան հանդիպումը տեղի չի ունենալու, բխում է Ռուսաստանի շահերից՝ նկատելով՝ Ռուսաստանը փորձում է հայ-ադրբեջանական համատեքստում ընթացքող բոլոր գործընթացները պահել տարածաշրջանային տարբեր անձրևանոցների ներքո՝ լինի դա ռուսական միջնորդությունը, թե ռուս-թուրքական միջնորդությունը, և նմանատիպ զարգացումները բխում են Ռուսաստանի շահերից։

«Այս փուլում, կարծում եմ, Մոսկվան ավելի շատ հետաքրքրված է ապաշրջափակման գործընթացում տեղի ունեցող զարգացումներով, և տեսանք, որ Երևանում Պուտինը Փաշինյանի հետ ևս այդ գործընթացն էր քննարկում, Ալիևի հետ էլ հեռախոսազրույց ունեցավ հենց այդ գործընթացի շուրջ, և Ռուսաստանը մոտ ապագայում փորձելու է հենց այս օրակարգով առաջ շարժվել և ինչ-որ արդյունքների հասնել», - եզրափակեց Գրիգորյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև