Հանճարեղ կիթառահար Ջիմի Հենդրիքսը նոյեմբերի 27-ին կդառնար 80 տարեկան

Ամերիկացի կիթառահար, երգիչ և երգահան Ջիմի Հենդրիքսը:

«Երաժշտությունը չի ստում: Եթե այս աշխարհում ինչ-որ բան փոխվի, դա միայն երաժշտության միջոցով կլինի»:

Ջիմի Հենդրիքս

1970 թվական, սեպտեմբերի 25, գուցե 26 կամ 27: Ջահել տղաների հավաքատեղին նույնն է՝ «Կազիրյոկ»:

Սեղաններին սուրճ, «Ջերմուկ», «Արին Բերդ»: Սեղանի շուրջ տխուր պատանիներ: «Իմացա՞ր»: «Հա, բա ոնց, ընկերս ասեց, «թշնամական ձայնով» ա լսել»: «Ո՞նց ա պատահել»: «Եսիմ, ասում են քնել չի արթնացել, հազիվ էր լսվում»: «Նարկոտի՞կ»: «Չգիտեմ, կարող ա»: «Այ քեզ բախտ»: «Որբացանք»:

Այդ երեկո իմացանք, որ մահացել է մեր կուռքը, աստվածը, այլմոլորակային երաժիշտ Ջիմի Հենդրիքսը:

Ինչ է կատարվում «երկաթե վարագույրից» անդին՝ ուշացումով էինք իմանում: Սովետները խլացնում էին «ձայները», փոխարենը ռադիոյով տալիս էին Ландыши, В нашем городе дождь կամ Я люблю тебя, жизнь երգերը: Գուցե լավն էին, բայց չէինք լսում:

Մեկ-մեկու փոխանցում էինք Ջիմիի վերա-վերա-վերաձայնագրված սկավառակների երիզները: Մագնիտոֆոնով ամեն վերաձայնագրումից հետո որակը ևս մի 15 տոկոսով էր տուժում, բայց միևնույն է մեզ համար հայտնություն էր դառնում: Աստվածային կիթառ, պարզ ու հմայիչ վոկալ, անհասկանալի հնչյուններ, զարմանալի երաժշտական մտածելակերպ: Դա «երկաթե վարագույրից» այս կողմ չէր կարող ծնվել, անհնարին էր:

Ջիմի Հենդրիքսը ելույթ է ունենում The Woodstock Festival փառատոնում, Նյու Յորք, օգոստոս, 1969թ․

Ոչ ոք չէր ասում «Ջեյմս Մարշալ Հենդրիքս»: Բոլորի համար նա Ջիմի էր: Հարազատ ավագ եղբայր, որին թեպետ երբեք չես տեսել՝ միևնույն է համարում ես հարազատ և եղբայր: Նրա մասին շատ քիչ գիտեինք, անգլերենի իմացությունը զրոյական էր, սահմանափակվում էր this is a cat, this is a book, this is a table անկապ բառերով, մեկ էլ առաջնորդի նկարի տակ ծանուցումով Lenin in London: Այդքանն էինք սերտել դպրոցում:

Հետո իմացանք, որ Ջիմին մահացավ 27 տարեկանում և մտավ «27-ի ակումբը», որը 1969 հուլիսի 3-ին բացել է «Ռոլինգ Սթոունզից» Բրայան Ջոնսը, որին Ջիմիից հետո ընդամենը շաբաթներ անց՝ 1970-ի հոկտեմբերի 4-ին միացավ հանճարեղ երգչուհի Ջենիս Ջոփլինը: 1971-ի հուլիսի 3-ին՝ «Դորզից» Ջիմ Մորիսոնը: 1994-ի ապրիլի 5-ին ցուցակը համալրեց «Նիրվանայից» Քուրթ Քոբեյնը, 2011-ի հուլիսի 23-ին՝ երգչուհի Էմի Ուայնհաուսը:

Թմրադեղ կամ ալկոհոլ, թմրադեղ և ալկոհոլ, ինքնասպանություն, կար նաև այս համադրությունը՝ թմրադեղ+ակլոհոլ+ինքնասպանություն: Բոլորը 27 տարեկան:

Տխուր զրույցները «Կազիրյոկում» ավարտվում էին նոր կասետների և Ջիմիի մասին նոր լուրերի փոխանակումով: Դժվար էր իրական Ջիմիին տարանջատել «Կազիրյոկի» կամ «Պապլավոկի» սեղանների շուրջ նստածների ուղեղում ծնված Տիեզերքի Լավագույն Կիթառահարի կերպարից:

Ջիմի Հենդրիքսի պաստառը ցուցադրված Լոնդոնի Marquee ակումբում, 2004թ․

Ջիմիի մասին դեսից-դենից հավաքած տեղեկություններից, ավելի ճիշտ դրանց պատառիկներից ստացանք ընդհանուր պատկերացում: Որ ձախլիկ է՝ գիտեինք, տեսել էինք լուսանկարները և սկավառակների շապիկները:

Իմացանք, որ Ջեյմս Մարշալ Հենդրիքսը, փաստաթղթով Ջոնի Ալեն Հենդրիքսը, ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 27-ին Վաշինգտոնի նահանգի Սիեթլ քաղաքում: 2022 թվականի նոյեմբերի 27-ին նա կդառնար 80 տարեկան:

Ռոք-ն-Ռոլի Պատվո սրահում նա ներկայացված է որպես «Ռոք երաժշտության պատմության ընթացքում, հավանաբար, ամենամեծ գործիքավորողը»:

Ինքնուս Ջիմին համարվում է երաժշտության պատմության ընթացքում ամենամեծ ազդեցությունը գործած կիթառահարներից մեկը: Զարմանալի բան՝ նրա կարիերայի ամենահայտնի, բեղումնավոր շրջանը 5 տարի էլ չի տևել:

Սիեթլում ծանր կյանք էր, ծնողները բաժանվել են, տատն ու պապն են տղային դաստիարակել: Դպրոցը թողել է: Հին կիթառ է գնել ու սկսել է լսել բլյուզի մեծերին՝ Ռոբերտ Ջոնսոնին, Հաուլին Վոլֆին, Մադդի Ուոթերսին, Բի Բի Քինգին: 1968-ի ապրիլի 15-ին Նյու Յորքի Իսթ Վիլիջում արժանացել է Արքայի (Բի Բի Քինգի) հետ միասին նվագելու պատվին:

Բի Բի Քինգը ելույթը Վալենսիայում, հունիս, 2004թ․

Այդ ժամանակ նա արդեն որոշ ճանաչում ուներ երաժշտական մասնագիտական շրջանակներում: Բայց մինչ այդ հացի փողը վաստակել է պստիկ ակումբներում: Մի անգամ մեքենա է գողացել: Ամենայն հավանականությամբ, բանտ կնետեին, բայց փաստաբանի օգնությամբ պատժաչափը չեն կիրառել՝ պայմանով, որ երկու տարով բանակ գնա: Ամիսներ անց, վնասվածք ստանալով, զորացրվել է:

Նորից սկսել է նվագել: 1964-ին տեղափոխվել է Նյու Յորք, սկսել է ստուդիաներում աշխատել որպես կատարող կիթառահար և ձայնագրվել է անվանի երաժիշտների հետ: Այդ ժամանակ նա նվագել է ուրիշների գործերը, հին ջազային և բլյուզային մեղեդիներ կամ ձայնագրվող կատարողի հեղինակած երաժշտությունը: Աշխատել է Լիթլ Ռիչարդի, Սեմ Քուկի, Թինա Թյորների հետ: Լայն շրջանակներում Ջիմիին չգիտեին:

Բայց արդեն ուրվագծվում էին սեփական երգերը: Շուտով դրանք պետք է ծնվեին, պարզապես փող էր պետք, լավ գործիք, սարքավորումներ, հովանավոր: Մեծ կիթառահար Ֆրենք Զափփան նրան ցույց է տվել այն ժամանակների զարմանահրաշ սարքը՝ wah-wah ոտնակը:

Եթե նվագելիս ձեռքով կամ հատուկ սարքով մեխանիկորեն փակել ու բացել շեփորի փողը կամ այդպես անել փողային որևէ այլ գործիքով, դուրս եկող ձայնը կփոխվի, այն կարծես, կբացվի-կփակվի: Շեփորահարները միշտ էլ օգտագործել են այդ հնարքը:

Զափփայի ցույց տված wah-wah ոտնակով հնարավոր էր նույն էֆեկտի հասնել կիթառով: Ջիմիի համար wah-wah-ն այցեքարտ էր դարձել:

The Animals բրիտանական խմբի նախկին բաս կիթառահար Չես Չենդլերը 1966-ի հուլիսի 5-ին Նյու Յորքի Wha? ակումբում լսել է Ջիմիին: Հետագայում նա ասել է, թե տառացիորեն ապշել էր:

Նրան Ջիմիի մասին պատմել է ռոլլինգների կիթառահար Կիս Ռիչարդսի այն ժամանակվա ընկերուհին՝ բլյուզի սիրահար և երաշտական աշխարհում կապեր ունեցող Քեյթը:

Ջիմի Հենդրիքի Loose Ends, ալբոմի շապիկը

«Երբ Ջիմին սկսեց նվագել Չեսի բերանը բացվեց ու բաց մնաց, երբ Ջիմին սկսեց ատամներով կծել լարերն ու նվագել, Չեսի ձեռքից խմիչքով բաժակն ընկավ, նա աչքերը չռած նայում ու տեսածին չէր հավատում»,- հետագայում ասել է Քեյթը:

Չես Չենդլերն էլ ասել է, թե միանգամից հասկացավ, որ այդ տղային պետք է տանել Լոնդոն, որտեղ նա սենսացիա կառնա:

Չեսի օգնությամբ կազմվել է The Jimi Hendrix Experience խումբը՝ Ջիմին՝ կիթառ և վոկալ, Նոել Ռեդինգը՝ բաս և Միթչ Միթչելը՝ հարվածող:

1967 թվականին թողարկվել է սկավառակը, որն այսօր էլ համարվում է կոնցեպտուալ նոր ալբոմ:

Դրան հաջորդեցին մյուս գլուխգործոցները՝ Axis: Bold as Love, 1967: Electric Ladyland՝ 1968: Դա ստուդիայում Ջիմիի ձայնագրած երրորդ և վերջին սկավառակն էր: Հաջորդը նրա ֆենոմենալ ելույթն էր Վուդսթսքի ռոք փառատոնում:

Բրիտանիայից Ամերիկա վերադարձած Ջիմին եկել էր որպես գերաստղ, կենդանի աստված, որին վերապահվել էր փառատոնը փակելու պատիվը:

400 հազար մարդ էր հավաքվել՝ գերիշխող մեծամասնությունը ջահելներ: Նրանք երգում էին սիրո և խաղաղության մասին:

Նրանց համար դա ոչ թե մարդասիրական աբստրակտ թեմա էր, այլ կյանքի ու մահվան խնդիր: Ջահել տղաներին բանակ էին տանում, Ամերիկայում այն ժամանակ զորակոչը պարտադիր էր, ու թեպետ ուսանողներին որպես կանոն չէին պարտադրում ծառայել՝ գործերը վիետնամական ռազմաճակատում ծանր էին ընթանում, նրանց էլ էին արդեն կանչում:

Դաժան մսաղաց էր, որը հետագայում արտացոլվեց ամերիկյան արձակում և պոեզիայում, կինոնկարներում և ռոք օպերաներում:

Ինչ կասի Ջիմին՝ համայն Ամերիկայի արվեստասերները, երիտասարդ ինտելեկտուալները, և, ավելի լայն կտրվածքով, ամբողջ արևմտյան աշխարհի ջահել սերունդը սպասում էր նրա ելույթին:

«Կարմրավիզները», ինչպես հենց ամերիացիներն են անվանում քառակուսի ու պարզունակ հայրենասիրական բանաձևերով մտածող ու աշխարհի մասին սահմանափակ պատկերացում ունեցող հայրենակիցներին, բավական դժգոհ էին:

«Ո՛վ է այդ սևամորթ (դրա փոխարեն ավելի կոպիտ բառ էին օգտագոտծում) անկիրթ տղան, որ բանակից դուրս է եկել, փախել է Անգլիա և մեզ հիմա պետք է դասեր տա: Ոցքե՞ր են ամբողջ օրը հաշիշ ծխող այդ երկարամազ, անլվա, բոբիկ լակոտները, որ Վիետնամում մեր պարտվելու մասին են երազում»,- այս հարցադրումները հատկապես հաճախ էին հնչում սեփական անգերազանցելիությունը կասկածի տակ չառնող «սպիտակ» հարավային նահանգներում:

The Best of Jimi Hendrix ալբոմի շապիկը

Եվ Ջիմին խոսեց, ավելի ճիշտ, նրա կախարդական կիթառը խոսեց: 1969 թվականի օգոստոսի 18-ին նա կատարեց Ամերիկայի օրհներգը: «Կարմրավիզներն» անմիջապես ջղաձգվեցին, զգացին, որ հիմա մի վատ բան կլինի:

Այն տարիների երաշտական սարքավորումները չես կարող համեմատել այսօրվա կոմպյուտերիզացված ֆանտաստիկ հրաշքների հետ: Երեքակնանի մանկական հեծանիվն ու ամենավերջին սերնդի «Մերսեդեսը»՝ ահա քիչ թե շատ հարմար համեմատություն:

Բայց Ջիմին կարողացավ այդ կիթառի լեզվով պատմել Վիետնամում պայթող ռումբերի, գյուղակների վրայով սարսափազդու ոռնոցով սլացող մահ ու ավեր սփռող «Ֆանտոմների», մանուկների մահվան ճիչի մասին: Եվ այդ ամենը համեմված «Աստղազարդ դրոշի»՝ ամերիկյան պետական օրհներգի գեղեցիկ ու միաժամանակ վախենալու հնչող մեղեդիներով:

Հանճարեղ երաժիշտը պատմեց այդ արյունալի պատերազմի և աշխարհում բոլոր պատերազմների վերաբերյալ իր սերնդի մտորումների, վախի և խաղաղություն հաստատելու պահանջի մասին:

Մեկ տարի անց թողարկվեց Վուդսթոքի փառատոնի եռասկավառակ ալբոմը: Դրանից մեկ տարի անց էլ «Կազիրյոկի» «ջիմիականները» ստացան այդ ալբոմը սեփական աչքով տեսնելու, ձեռքում պահելու, շոշափելու, լսելու և վերջապես «առաջին ձեռքից» առաջին անգամ այն մագնիտոֆոնի համար որակով ձայնագրելու հնարավորություն:

«Ջիմիականներից» մեկի ծնողները՝ սովետական նոմենկլատուրայից, մեկնել էին արտասահման և ոչ առանց դժվարությունների ալբոմը գնել ու գաղտնի հասցրել էին երկարամազ զավակին, ով կարգին տղա էր:

Ալբոմին դիպչում էինք վախով, հանկարծ չվնասենք, նշխար էր, զուգահեռ տիեզերքից Սովետ ուղարկված հատուկ ուղերձ, որը վերծանում ես ու հասկանում գաղտնի կոդը՝ «Աշխարհը սեր է և խաղաղություն»:

Թմբկահար Միթչ Միտչելը նվագում է Ջիմի Հենդրիքսի հետ, 1960-ականների վերջ

Ուշացումով էր հասել եռասկավառակ ալբոմը: Դե հեռու-հեռու աստղերի լույսն էլ ուշացումով է հասնում մեզ: Ջիմին արդեն չկար:

Սովորեց և վարպետ դարձավ որպես Միսիսիփիի բլյուզի կատարող: Հետո հիմնեց մի ամբողջ երաժշտական նոր ուղղություն, դրեց ծանր ռոքի և բլյուզի միավորման հիմքերը, հաստատեց պսիխոդելիկ երաժշտության կանոնները և կիթառահարների համար սահմանեց ստանդարտ, որին առայսօր բոլորն են ձգտում:

Չարաբաստիկ սեպտեմբերի 17-ին նրա գերմանուհի ընկերուհին՝ Մոնիկա Դանեմանը, որի հետ նա բնակվել է Լոնդոնի «Սամարկանդ» հոթելում, Ջիմիին մեքենայով տարել է ծանոթներից մեկի մոտ, ապա առավոտյան երեքին մեքենայով վերցրել ու միասին վերադարձել են հոթել:

Զրուցել են մինչև առավոտյան 7-ը և քնել: Առավոտյան 11-ին Մոնիկան նկատել է, որ Ջիմին շնչում է, բայց անգիտակից վիճակում է: Զանգահարել է շտապօգնություն: Ջիմիին տարել են Սուրբ Մերիի հիվանդանոց: 12-ն անց 45-ին բժիշկը հայտնել է, որ Ջիմին մահացել է:

Ըստ դատաբժշկական քննության, նա քնած ժամանակ փսխել է, ստամոքսից դուրս մղված զանգվածը թոքերն է լցվել: Դիագնոզը՝ Asphyxia, շնչահեղձություն:

Շատ տարիներ անց Մոնիկան խոստովանել է, որ այդ շրջանում գերհոգնած Ջիմին անքնություն ուներ և այդ երեկո բարբիտուրատ պարունակող քնաբերի 9 հաբ է խմել: Դա գրեթե 20 անգամ գերազանցել է թույլատրելի չափաբաժինը:

Գաղտնապաշտական շատ թեզեր և ասեկոսեներ են տարածվել, բայց, ամենայն հավանականությամբ, նա պարզապես քնած ժամանակ խեղդվել է:

Ըստ բրիտանացի ընկերների, նա մի քանի առիթներով ասել է, թե կցանկանա, որ իրեն հուղարկավորեն Լոնդոնում:

Մահվանից երկու շաբաթ անց Ջիմիի դին փոխադրել են Ամերիկա՝ Սիեթլ, որտեղ եկեղեցական արարողությունից հետո հուղարկավորել են մոր կողքին:

Ջիմիին եկել են հրաժեշտ տալու մոտ 200 մարդիկ, այդ թվում՝ Միթչ Միթչելը, Նոել Ռեդինգը, Ջոն Համոնդը, Ջոնի Վինթերը և հանճարեղ շեփորահար Մայս Դեյվիսը:

Մենք նրա մասին պատմում էինք լեգենդներ, որոնք ունեին ստանդարտ սկիզբ՝ «Մի անգամ Ջիմին և Էրիք Քլեփթոնը», «Մի անգամ Ջիմին և Սանթանան», «Մի անգամ Ջիմին ու Ջոն Լենոնը»: Լեգենդների ֆինալն էլ նույնն էր՝ հիշատակված բոլոր երաժիշտները հիացած խոստովանում էին, որ Ջիմին է թիվ մեկ կիթառահարը:

Անցան շատ տարիներ, ծնվեց շատ լավ նոր երաժշտություն, և երբ արդեն Սովետը ոչ ևս էր ու անգլերենն էլ քիչ թե շատ մատչելի էր և դրսից հնարավոր էր ստանալ թերթեր, մենք հասկացանք, որ մեր պատմած ու լսած լեգենդների մեծ մասը ճիշտ էր, որ գերաստղերի մեծ մասը հարգանքով ու ակնածանքով է խոսել մեր հերոսի մասին:

Ջիմի Հենդրիքդ, 1967թ․

Սթիվի Ռեյ Վոն. «Ջիմիին չեմ տեսել, այսինքն տեսել եմ երազներում: Փորձել եմ նրա նման նվագել, չէր ստացվում, իսկ հետո երբ ստացվում էր, ասում էի՝ այ քեզ բան, ինչ պարզ էր»

Էրիք Քլեփթոն. «Երբ Ջիմին առաջին անգամ եկավ Անգլիա, նա մեզ բոլորիս ցնցեց, գետնեց, ինչեր էր անում բեմին»:

Միք Ջեգեր. «Ջիմիի համերգն իմ տեսած ամենասեքսուալ երաժշտական ծիսակատարությունն էր»:

Բրայան Մեյ. «Երբ տեսա Ջիմիին առաջին անգամ, մտածեցի, որ նա այնքան լավ է նվագում, որ նույնիսկ ամաչում եմ ինքս ինձ դա խոստովանել»:

Ջիմի Փեյջ. «Մենք կորցրեցինք մեզանից լավագույնին, դա Ջիմի Հենդրիքսն էր»:

Ջիմիի ամենաառեղծվածային երգերից մեկն է Angel՝ «Հրեշտակ»:

«Հրեշտակը երեկ իջավ դրախտից
Նա երկար մնաց հետս, որ փրկի ինձ
Եվ հետո բացեց իր թևերն իմ վրա
Եվ ասաց, որ վաղը կվերադառնա»: