Օլաֆ Շոլց. «Սովն այլևս երբեք չպետք է կիրառվի որպես զենք»

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր ասել է, որ այլևս երբեք չի կարելի թույլ տալ, որ սովն օգտագործվի իբրև զենք: Շոլցն այսօր հարգանքի տուրք է մատուցել Ուկրաինայում Հոլոդոմորի զոհերի հիշատակին:

«Ստալինի կողմից միտումնավոր հրահրված մեծ սովն Ուկրաինայում ավելի քան 3 միլիոն 300 հազար տղամարդկանց, կանանց և երեխաների կյանք է խլել: Այդ սարսափելի մարտավարությամբ մարդկանց զրկել են պարենից և հարկադրել են հեռանալ Ուկրաինայից: Այսօր մենք հայտարարում ենք, որ սովն այլևս երբեք չպետք է զենք դառնա: Դրա համար էլ մենք չենք կարող հանդուրժել այն, ինչ հիմա տեղի է ունենում», - հայտարարել է Շոլցը:

Նրա փոխանցմամբ՝ ուկրաինական հացահատիկով բեռնված մի նավ այժմ Գերմանիայի հովանավորությամբ ուղևորվում է դեպի Եթովպիա:

Կանցլերն ասել է, որ Բեռլինը լրացուցիչ 15 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինայից հացահատիկը դուրս փոխադրելու համար:

Գերմանացի օրենսդիրները երեկ քննարկել են Հոլոդոմորը ցեղասպանություն ճանաչելու նախագիծը: Քվեարկության օրը դեռ որոշված չէ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի, Լիտվայի և Լեհաստանի վարչապետերը հարգանքի տուրք են մատուցել Հոլոդոմորի զոհերի հիշատակին