Մատչելիության հղումներ

Ուկրաինայի, Լիտվայի և Լեհաստանի վարչապետերը հարգանքի տուրք են մատուցել Հոլոդոմորի զոհերի հիշատակին


Ուկրաինա - Հոլոդոմորի զոհերի հուշարձանը Կիևում, արխիվ
Ուկրաինա - Հոլոդոմորի զոհերի հուշարձանը Կիևում, արխիվ

Ուկրաինայի, Լիտվայի և Լեհաստանի վարչապետեր Դենիս Շմիգալը, Ինգրիդա Շիմոնիտեն և Մատեուշ Մորավիեցկին Կիևում հարգանքի տուրք են մատուցել Հոլոդոմորի զոհերի հիշատակին:

1932-33 թվականներին Ուկրաինայում սովից մահացել են միլիոնավոր մարդիկ: Ուկրաինայի համոզմամբ՝ սովը միտումնավոր կազմակերպել է բռնապետ Իոսիֆ Ստալինի ռեժիմը:

Մոսկվայի կոմունիստ ղեկավարների հրամանով Ուկրաինայում առգրավվել և հանրապետության տարածքից դուրս են հանվել հացահատիկի գրեթե ամբողջ պաշարները, հաջորդ տարվա բերքի համար անհրաժեշտ սերմացուն և անասուններին, ինչի հետևանքով միլիոնավոր մարդիկ սովի են մատնվել:

Ուկրաինայի ներկայիս ղեկավարները, արևմտյան մի շարք երկրների լիդերներ և հասարակական գործիչներ պնդում են, որ Կրեմլն ուկրաինացի ազգայնականներին և գյուղացիությանը պատժելու համար է դիմել այդ քայլին: Ռուսաստանը դա կտրականապես հերքում է:

Յեյլի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Թիմոթի Շնայդերի փոխանցմամբ՝ «Ուկրաինայում անցած դարի 30-ականների սկզբին տեղի ունեցածը միտումնավոր զանգվածային սպանդ էր»:

Երեք վարչապետերը նաև ստորագրել են համատեղ հայտարարություն, որով կոչ են արել շարունակել ռազմական և ֆինանսական օգնության տրամադրումը Ռուսաստանի կողմից ագրեսիայի ենթարկվող Ուկրաինային:

XS
SM
MD
LG