Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հավանաբար թունավորել են: Այդ մասին այսօր ասել է բժշկական փորձաքննություն անցկացրած «Կարեկցանք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մարիամ Ջիշկարիանին:
«188-էջանոց բժշկական եզրակացությունում ասվում է, որ Ամերիկայից ստացվել է Սաակաշվիլիի մազերից վերցված նմուշի փորձաքննության արդյունքը: Դրա հիման վրա մենք կարող ենք փաստել, որ առողջության վատթարացման առավել հավանական պատճառը թունավորումն է», - ասել է Ջիշկարիանին:
Փորձագետի խոսքով՝ Սաակաշվիլիի օրգանիզմում սնդիկի մակարդակը 42 տոկոսով գերազանցում է թույլատրելի սանդղակը: Ըստ Ջիշկարիանիի, նախկին նախագահի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է նրան թույլ տալ բուժվելու նպատակով մեկնել արտասահման:
«Կարեկցանք» հասարակական կազմակերպության փորձագետն ասել է, որ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին եզրակացությունն ուղարկվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիի աշխատակազմ:
Ավելի վաղ Սաակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին և մայրը՝ Գիուլի Ալասանիան, ահազանգել են նախկին նախագահին ծանր մետաղներով, այդ թվում՝ սնդիկով թունավորելու հավանականության մասին:
Այդ մասին է վկայում «Կարեկցանք» կազմակերպության եզրակացությունը ևս, որը պետք է փոխանցվի նաև օտարերկրացի փորձագետներին:
Վրաստանի իշխանությունները կոչ են անում վաղաժամ եզրակացություններ չհնչեցնել Սաակաշվիլիի թունավորման մասին և խոստանում են հատուկ թունաբանական հետազոտություն անցկացնել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաց դատաբժիշկները կուսումնասիրեն Սաակաշվիլիի թունավորման մասին տեղեկությունները