Եթե Ուկրաինան կանգ չառնի, կոչնչանա. Ալեքսանդր Լուկաշենկո

Եթե Ուկրաինան կանգ չառնի, կոչնչանա, նախօրեին սպառնացել է Բելառուսի նախագահը՝ շեշտելով, որ ոչ միայն Ուկրաինայի պետականությունը նկատի ունի, այլ ողջ երկիրն ընդհանրապես։

«Մենք այսօր քննարկել ենք այդ թեման։ Ամեն ինչ Ուկրաինայի ձեռքերում է։ Եվ ոչ նրա համար, որ ամեն ինչ ուզում եմ բարդել Զելենսկու վրա։ Եթե նրանք չեն ուզում, որ սպանվեն հսկայական քանակի մարդիկ, ինչքան էլ դժվար է այսօր, պետք է կանգ առնել։ Եթե չէ, հետո լինելու է Ուկրաինայի ամբողջական ոչնչացումը», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ - «Ու սա այն չէ, ինչ մինչև ռազմական օպերացիան ասում էր Պուտինը, թե Ուկրաինան կարող է պետականությունը կորցնել։ Դա կլինի ամբողջ Ուկրաինայի ոչնչացումը, եթե Ուկրաինան այսօր կանգ չառնի»։

Լուկաշենկոն, որ ԱՊՀ տարածքում Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին բացահայտ սատարող միակ առաջնորդն է, երեկ նաև ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի ավարտին էր պատերազմին անդրադարձել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Դիմելով դաշինքի մյուս առաջնորդներին՝ նա Ռուսաստանի պարտության դեպքում ՀԱՊԿ-ի կործանումից էր խոսել. - «Վերջին շրջանում ԶԼՄ-ներում մի թեզ է շրջանառվում, որ ՀԱՊԿ-ի ճակատագիրը կախված է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիայից։ Այսինքն` եթե Ռուսաստանը հաղթի, ՀԱՊԿ-ը կշարունակի ապրել, եթե, Աստված մի արասցե, չհաղթի, ապա ՀԱՊԿ-ն այլևս գոյություն չի ունենա։ Զգում եմ, որ մենք միասնական որոշման ենք եկել՝ եթե ՌԴ-ն քանդվի, մենք կմնանք ավերակների տակ, մենք պետք է իրար պաշտպանենք»։

Մինչ այդ պատերազմի իններորդ ամսում ձմռանն ընդառաջ ռուսական կողմը ոչնչացնում է ուկրաինական էներգետիկ համակարգը։ Նախօրեին հերթական զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով երկրի բազմաթիվ շրջաններ, այդ թվում մայրաքաղաք Կիևը, հոսանքազրկվել էին։ Միլիոնավոր մարդիկ և հարյուրավոր կարևորագույն հաստատություններ՝ այդ թվում հիվանդանոցներ, վերակենդանացման բաժանմունքներ, մնացել են առանց հոսանքի և ջեռուցման։

Ցանցից անջատվել են գործող բոլոր երեք ատոմակայանները, ջերմաէլետրակայանները և հիդրոէլեկտրակայանների մեծ մասը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևի 70 տոկոսը շարունակում է հոսանքազրկված մնալ


Մոսկվան ասում է, թե հարվածում է էներգետիկ ենթակառուցվածքներին, որովհետև Արևմուտքը շատ զենք է տալիս Կիևին, իսկ ուկրաինական կողմը ռուսների սանձազերծած պատերազմում հաղթելու մասին անխոհեմ կոչեր է անում։ Այս մասին երեկ գիշերը Կիևի պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան. - «Մենք հարվածներ ենք հասցնում Ուկրաինայի ենթակառուցվածքին՝ ի պատասխան այս երկրին արևմտյան զենքով լցնելու և Ռուսաստանի դեմ ռազմական հաղթանակ տանելու Կիևի անխոհեմ կոչերին»։

Իսկ նախագահ Զելենսկին նույն նիստում կոչ է արել Անվտանգության խորհրդին ընդունել «էներգետիկ ահաբեկչությունը» դատապարտող բանաձեւ, ինչպես նաև ՄԱԿ-ի փորձագետներին հրավիրել է Ուկրաինա՝ գնահատելու ենթակառուցվածքների վնասի չափը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ռուսական հարվածները ռազմական նշանակություն չունեն, և դրանց հիմնական նպատակն է «ավելացնել ուկրաինացի տղամարդկանց, կանանց և երեխաների մահերի ու տառապանքների թիվը»։ Վաշինգտոնը նաև շեշտել է, որ գնդակոծությունը մեծացնում է տարածաշրջանի ատոմակայաններում վթարների ռիսկը։

Էներգետիկ համակարգին ուղղած հարվածներին զուգահեռ, ռուսական ուժերը փորձում են առաջ գնալ Դոնեցկի մարզում Բախմուտի և Ավդեևկայի ուղղությամբ, բայց առանց տեսանելի հաջողությունների։ Այս ձախողումների ֆոնին Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում պատերազմում Ռուսաստանի կողմից քիմիական զենք կիրառելու հնարավորությանը։ Այս մասին գրել է Politico-ն՝ հղում անելով Սպիտակ տան մի քանի ներկայացուցիչների։

Ըստ պարբերականի, Բայդենի վարչակազմը ավելի հավանական է համարում, որ Պուտինը ոչ թե միջուկային, այլ քիմիական զենք կկիրառի, ուստի Վաշինգտոնը դաշնակիցների հետ քննարկում է նման սցենարին պատրաստվելու անհրաժեշտությունը։ Politico-ն ընդգծում է, որ Պենտագոնը տվյալներ չունի ռուսական զորքերի կողմից քիմիական հարձակումների անմիջական նախապատրաստման մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)