Վրաստանի արդարադատության նախարարությունը հրահանգել է երկրի Ազգային դատափորձագիտական բյուրոյի աշխատակիցներին ուսումնասիրել անազատության մեջ գտնվող երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը՝ պարզելու համար, թե որքանով են համապատասխանում իրականությանը նրա թունավորման մասին տեղեկությունները, հայտարարել է Վրաստանի արդարադատության փոխնախարար Բեկա Ձամամաշվիլին։
«Ինքը Սաակաշվիլին հայտարարել է, որ երբեք նման կասկածներ չի ունեցել։ Որպեսզի վերջնականապես փարատենք այս կասկածները, մենք փորձագիտական հետազոտություն ենք նշանակել։ Միայն դրա ավարտից հետո հնարավոր կլինի հանդես գալ հավելյալ մեկնաբանություններով», - նշել է փոխնախարարը։
Սաակաշվիլիի թունավորման մասին նախորդ շաբաթավերջին հայտարարեցին նրա փաստաբան Վալերի Գելբախիանին և նախկին նախագահի մայրը՝ Գիուլի Ալասանիան՝ վկայակոչելով օտարերկրյա մասնագետների կողմից անցկացված հետազոտության արդյունքները։ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը, մասնավորաբար, պնդում էր, որ իր որդու օրգանիզմում սնդիկի նորմայից բարձր պարունակություն է արձանագրվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի ՔԿԾ-ն հերքում է Սաակաշվիլիի թունավորման մասին տեղեկությունները