Հայաստանին օգնելու՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի որոշումը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է, այսօր Երևանում՝ ՀԱՊԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Նա ներկայացրեց միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ շեշտելով, որ իրավիճակը դեռ լարված է։
Զասը խոսեց նաև պարբերաբար հնչող կրակոցներից։
«Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է։ Այն տեղեկատվությունը, որ հաղորդվում է ՀԱՊԿ հակազդման կենտրոններից, հաստատում է, որ փաստացի ամեն օր փոխհրաձգություն է տեղի ունենում հայ–ադրբեջանական սահմանին։ ՀՀ-ի համար այս սպառնալիքի քննարկմանն են նվիրված եղել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի վերջին 3 արտահերթ նիստերն այս տարվա մայիսին, սեպտեմբերին ու հոկտեմբերին։ Հայաստանին աջակցության տրամադրման նախագիծը, որը կազմվել է ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության արդյունքների հիման վրա, ընդհանուր առմամբ համաձայնեցվել է», - ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ չհստակեցնելով, թե ինչ աջակցության մասին է նախագիծը։
Սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին արյունալի մարտերի կապակցությամբ պաշտոնական Երևանը օգնության համար դիմել էր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ՀԱՊԿ-ը իրավիճակը գնահատելու նպատակով առաքելություն ուղարկեց Հայաստան, օգնության հարցը դեռևս քննարկվում է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն այսօր Երևանում կքննարկեն Հայաստանին համատեղ օժանդակություն ցուցաբերելու հարցը