Երևանը հաղորդում է երեկոյան հայկական դիրքերի գնդակոծության մասին, Բաքուն հակառակն է պնդում

Պաշտոնական Երևանը կրկին հաղորդում է սահմանին հայկական դիրքերի գնդակոծության մասին, Բաքուն հակառակն է պնդում:

«Նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի», - ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ այսօր ժամը 10-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «կտրականապես հերքում է» Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդումը, միևնույն ժամանակ պնդում, թե Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները գիշերը սահմանին գնդակոծել են Քելբաջարի և Դաշքեսանի շրջաններում տեղակայված ադրբեջանական զինուժի դիրքերը, Արցախի Պաշտպանության բանակն էլ երեկ ցերեկը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը Շուշի քաղաքի և Թերթերի շրջանի ուղղություններով, ինչին ի պատասխան «համարժեք միջոցներ» են ձեռնարկվել:

Պաշտպանության բանակը հերքել է Մարտակերտի և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդումները՝ «հերթական ապատեղեկատվություն» որակելով դրանք:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում երեկ հրադադարի խախտում չի արձանագրել: