Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը երկրորդ անգամ վերջին 24 ժամերի ընթացքում պնդում է, որ Սիրիայի հյուսիսային, քրդաբնակ շրջաններին հասցված օդային հարվածներին հաջորդելու է ցամաքային գործողությունը։
«Արդեն մի քանի օր է, ինչ մենք հարվածներ ենք հասցնում ահաբեկիչներին մեր օդանավերի, զենքերի և հրետանու միջոցով։ Աստած տա՝ շատ շուտով մենք դա կանենք նաև տանկերի և մեր զինվորների օգնությամբ», - այսօր Արդվինում աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Օդային հարվածների առաջին արդյունքները երկուշաբթի երեկոյան Անկարայում՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբում հրավիրված խորհրդակցության ժամանակ ամփոփել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Վերջին տեղեկությունների համաձայն՝ մեր օդային հարվածների և ցամաքային ուժերի հրթիռակոծություների հետևանքով 184 ահաբեկիչ է չեզոքացվել», - ասել է նա՝ հավելելով, որ Սիրիայի հյուսիսում գործող քրդական Ժողովրդական պաշտպանության ուժերին հասցված հարվածները նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանն են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքական ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդում Ստամբուլի ահաբեկչության մասին«Զինյալները ծանր գին կվճարեն այն դաժանության համար, որ նրանք ցուցաբերեցին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում իրականացված հարձակման ժամանակ», - շեշտել էր Աքարը։
Մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ թուրքական անօդաչուները հարվածել են քրդական ուժերի՝ Հասեկե քաղաքում գտնվող շտաբին։ Այն, ի դեպ, գտնվում է այս շրջանում տեղակայված ամերիկյան զորքերի շտաբի անմիջական հարևանությամբ։ Ընդհանուր առմամբ, ըստ տեղական աղբյուրների, թուրքական բանակն այսօր Սիրիայի հյուսիսում գտնող 19 քրդական քաղաք և գյուղ է ռմբակոծել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան չի սահմանափակվի Սիրիայում և Իրաքում օդային հարձակումներով. ԷրդողանԱնշեղորեն աճող լարվածության պայմաններում Մոսկվան և Վաշինգտոնը արձագանքում են Սիրիայի հյուսիում ծավալվող իրադարձություններին։
«Վաշինգտոնը դեմ է ցանկացած գործողության, որ կարող է ապակայունացնել իրադրությունը Սիրիայում», - լրագրողներին ուղղված էլեկտրոնային նամակում անցած գիշեր գրել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ հավելելով. «Մենք կոչ ենք արել Թուրքիային զերծ մնալ այս գործողությունից, ինչպես նաև Սիրիայում գտնվող մեր գործընկերներին ենք հորդորել չդիմել հարձակումների, որոնք կարող են հանգեցնել իրադրության սրման»:
«Մենք ըմբռնումով և հարգանքով ենք վերաբերվում Թուրքիայի՝ սեփական անվտանգության ապահովմանն առնչվող մտահոգություններին։ Մենք համարում ենք, որ դա Թուրքիայի օրինական իրավունքն է։ Դրա հետ մեկտեղ մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են իրադրության ապակայունացման հանգեցնել։ Դա կարող է բումերանգի պես վերադառնալ՝ էլ ավելի բարդացնելով իրավիճակը անվտանգության ոլորտում», - այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Թուրքիայի ղեկավարները, սակայն, պնդում են, որ Սիրիայում այս պահին էլ շարունակվող գործողությունների գլխավոր մեղավորներից մեկը հենց ռուսներն են։ Երեկ Քաթարից վերադարձի ճանապարհին իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը. «Չնայած Ռուսաստանին ուղղված մեր բազմաթիվ զգուշացումներին՝ Մոսկվան չի կատարել և հրաժարվում է կատարել 2019 թվականի Սոչիի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները՝ այն է զտել Հյուսիսային Իրաքի և Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից շրջանները ահաբեկիչներից։ Մենք հայտարարել ենք, որ չենք լռի, և եթե ռուսները դա չանեն, ապա այդ քայլերը կձեռնարկենք սեփական ուժերով»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ HRW-ի դիտարկմամբ՝ սիրիացի փախստականների համար Թուրքիան չի համապատասխանում երրորդ անվտանգ երկրի չափանիշներինՇարունակվող ռազմական գործողությունների ֆոնին՝ Անկարայից կարծես ակնարկում են, թե պատրաստ են քրդերի դեմ պայքարում համագործակցել նաև իրենց երբեմնի գլխավոր ախոյաններից մեկի՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Որպես նման համագործակցության հնարավորության օրինակ Էրդողանի զինակիցները մատնանշում են Թուրքիայի և Եգիպտոսի նախագահների՝ կիրակի օրը Քաթարում կայացած հանդիպումը։ Թուրքիայի նախագահը տարիներ շարունակ չէր ճանաչում իր եգիպտոսցի պաշտոնակցի լեգիտիմությունը՝ պնդելով, որ նա իշխանության է եկել ռազմական հեղաշրջման միջոցով։
«Մեր նախագահի կողմից Եգիպտոսի նախագահ Սիսիի հետ հաստատված շփումները ճիշտ քայլ էին։ Ահաբեկչական կազմակերպություններին հակազդելու նպատակով հարկավոր է հնարավորություն ստեղծել նաև Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի հետ շփումների համար», - այսօր Անկարայում ասել է Էրդողանի գլխավոր քաղաքական դաշնակից, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին։