Ալիևը Փարիզին մեղադրում է Ադրբեջանի դեմ սադրանք կազմակերպելու մեջ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի դեմ սադրանք է կազմակերպվել, որի հեղինակը Ֆրանսիան էր, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով իր գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը։

«Այդ սադրանքի հեղինակը Ֆրանսիան էր, իսկ հիմա Ֆրանսիան հովանավորում է Հայաստանին։ Նրանք միմյանց քույրեր են անվանում, և դա հատուկ ընդգծում են, չնայած կարող էին նաև իրար եղբայրներ անվանել», - հեգնել է Ալիևը։

Ադրբեջանի առաջնորդի խոսքերով՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բանաձև է ցանկացել ընդունել, որում Ադրբեջանի դեմ «իրականությանը չհամապատասխանող» ձևակերպումներ կային։

«Բոլոր հակաադրբեջանական թեզերը հեռացվել են մեր ընկերների ջանքերի շնորհիվ», - ասել է Ադրբեջանի առաջնորդը՝ առանց հստակեցնելու, թե ինչ թեզերի մասին է խոսքը և որոնք են Բաքվին սատարած երկրները:

Իլհամ Ալիևն իր ծավալուն ելույթի ընթացքում անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին, պնդել, որ այդ կառույցում Ադրբեջանն ավելի շատ բարեկամ ունի, քան Հայաստանը։ Ադրբեջանի առաջնորդի խոսքերով՝ Երևանին չի հաջողվել ռազմական այդ դաշինքին բացասաբար տրամադրել Բաքվի նկատմամբ, քանի որ կազմակերպության մյուս անդամները չեն տրվել Երևանի «սադրանքներին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևը