Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը զայրացած է իր նկատմամբ սահմանված Եվրոպական միություն այցելելու արգելքից:
«Ընդունվել է աննախադեպ վճիռ՝ Պատրիարքին չթողնել Եվրամիություն: Նման բան նույնիսկ «սառը պատերազմի» տարիներին չի եղել»,- ասել է Ռուսաց Ուղղափառ եկեղեցու հովիվը Արևելքի Ասորական եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք Մար Ավա երրորդի հետ երեքշաբթի օրը տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Հանդիպման մասին լուրը Ռուս ուղղափառ եկեղեցու մամլո դիվանը նոյեմբերի 16-ին է հրապարակել:
Պատրիարք Կիրիլը չի նշել, թե կոնկրետ ով և ինչ պատճառով է նրան արգելել այցելել Եվրամիություն:
Այս տարվա օգոստոսի 31-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խստորեն քննադատել է Պատրիարք Կիրիլին Ուկրաինայի դեմ Կրեմլի նախաձեռնած պատերազմին աջակցելու համար:
Դեռ հունիսի 23-ին Լիտվան արգելել է նրա այցերը: Պաշտոնական Վիլնյուսը հայտարարել է, որ Ռուսաց Պատրիարքը «Ուկրաինայի դեմ պատերազմի ամենաակտիվ ջատագովն է և Վլադիմիր Պուտինի մերձավոր գործընկերն է»:
Հետագայում նմանօրինակ որոշումներ են ընդունել Կանադան և Մեծ Բրիտանիան: