Փաշինյանի իշխանության ամեն հաջորդ օրը երկրի վիճակն ավելի վատ է, քան թե նախորդ օրը․ ընդդիմադիր պատգամավոր

Փաշինյանի իշխանության ամեն հաջորդ օրը երկրի վիճակն ավելի վատ է, քան թե նախորդ օրը, երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Դիտարկմանը, թե վարչապետն ասել է, որ ուժի մեջ է ընդդիմադիրների հետ հանդիպման իր հրավերը՝ տարբեր ֆորմատներով, Խաչատրյանն արձագանքեց՝ նախորդ հանդիպումներից հետո իրենք և Փաշինյանը տարբեր բաներ են ասել՝ շեշտելով՝ համոզված են՝ հաջորդ հանդիպման արդյունքները նույնպես կաղճատվեն, հետևաբար նոր հանդիպման մասին խոսելն ընդդիմադիր պատգամավորն անիմաստ համարեց։

Խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցությունն օրերս հայտարարեց, որ վերադառնում է Ազգային ժողով։ Խաչատրյանը չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում իրենք էլ կգնան և այդ հարթակը կօգտագործեն։

Արթուր Խաչատրյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանդիպման տարբեր ֆորմատներով հրավերը ձեզ հետ իր ուժի մեջ է, և դուք կհամոզվեք, որ Հայաստանի շահերին հակասող քաղաքականություն չի վարվում, եթե գնաք և լսեք իրեն։

Խաչատրյան․ - Մենք համոզվում ենք մի բանում, որ Փաշինյանի իշխանության ամեն հաջորդ օրը երկրի վիճակն ավելի վատ է, քան թե նախորդ օրը։ Իր հետ հանդիպումներ ենք ունեցել 44-օրյա պատերամի ընթացքում՝ մի քանի անգամ փակ ֆորմատով, մի քանի անգամ քաղաքական այլ ուժեր ներկայացան։ Այդ հանդիպման մասին մեր կողմը և ինքը տարբեր բաներ են ասել, և քանի որ մենք համոզված ենք, որ հաջորդ հանդիպման արդյունքները նույնպես կաղճատվեն, նոր հանդիպման մասին խոսել իմաստ չունի, որովհետև վստահություն մենք չունենք։ Եվ եթե ինքն ուզում է վստահության մթնոլորտ ստեղծել, թող էդ նախորդ հանդիպումների տեսագրությունները հրապարակի։

«Ազատություն»․ - Հանդիպում չեք ուզում, խորհրդարանի նիստերին չեք մասնակցում, չի ստացվո՞ւմ, որ դուք լուսանցք եք մղում ձեր 200 հազար ընտրողների ձայները։

Խաչատրյան․ - Մենք հայտարարել ենք, որ խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու ենք այն օրակարգով, որը երկրի համար առաջնային է, մասնավորապես, հիշո՞ւմ եք, ինչի մենք դուրս եկանք խորհրդարանից, որովհետև ասեցինք՝ «եկեք դատապարտենք Շուշիի դեկլարացիան թուրք-ադրբեջանական»։ Իշխանություններն ինչ-որ պատրվակով՝ անտրամաբանական ինձ համար, անհասկանալի, իրենք դրանից հրաժարվեցին, այնուհետև ասացինք՝ «եկեք խոսենք՝ որն է այն կարմիր գիծը, որից ներքև Հայաստանը չի գնա», որովհետև ապրիլ ամսին Փաշինյանն ասում էր՝ «միջազգային հանրությունն ասում է՝ կարգավիճակի հարցով նշաձողն իջեցնեք», հիմա ընդհանրապես կարգավիճակի մասին չի խոսվում։

«Ազատություն»․ - Խորհրդարան վաղը «Պատիվ ունեմը» գնալու է, և ասում է, որ այդ հարթակն էլ պետք է օգտագործենք։

Խաչատրյան․ - Շատ լավ, այսինքն՝ եթե անհրաժեշտություն լինի, մենք ինքներս նաև կգնանք և այդ հարթակը կօգտագործենք։

«Ազատություն»․ - Վաղվա նիստին գնալո՞ւ եք։

Խաչատրյան․ - Օրը կգա, բարին էլ հետը։

«Ազատություն»․ - Այսինքն՝ չեք բացառում, որ գուցե վաղն արդեն․․․

Խաչատրյան․ - Մենք երբեք չենք հայտարարել, որ բոյկոտում ենք Ազգային ժողովի աշխատանքները, այլապես ծրարով մանդատները կդնեինք։ Մենք ասում ենք՝ օրակարգը, որը մեզ համար առաջնային է։

Խաչատրյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․