Հայաստանից Վրաստանով Ռուսաստան բեռ տեղափոխոխող մեքենաների վարորդներից Արամն ասում է՝ իր պես մի քանի հարյուր վարորդ էլ վրացական կողմում խցանումների մեջ է։ Խաշուրի, Նատախտարի, Կողբ, Ախալցխա, Կազբեկ, Բագրատաշեն և այլն, վարորդները թվարկում են, թե որ տեղանքում են շաբաթներ լուսացնում, իսկ պատճառը չգիտեն:
«Մենք ստեղ կանգնած ենք, էսօր 13-րդ օրն է, ահավոր վիճակ է: Ի՞նչ անենք, որ էս հարցը բարձրաձայնվի, հասնի մեր վերադաս մարմիններին, ավտոների մեջը բոմժավարի մնացել ենք: Մոտեցել ենք, ասել են՝ երեք օր էլ պիտի կանգնեք, արդեն էլ հնարավորություն չկա յոլա գնալու, կամ էլ պիտի հետ գանք Հայաստան,ճամփեն՝ տամոժնին փակենք, ուրիշ ճար չկա», - ասում են նրանք:
«Ղեկավարությունից ոչ մեկը չի գալիս, ոչ մի բան չեն անում: Տեսեք՝ վրացական մեքենաները ոնց են գնում ստեղից, տենց բան չի եղել, ոչ ձյուն է, ուղղակի չեն թողնում: {Ասում են}, սպասեք, գնում եք, չեն ասում՝ չեք գնում, բայց էտ ճանապարհը խոսքի մի շաբաթում պետք է անցնես, բայց մի շաբաթից շատ է տևում, եթե սենց վիճակ է լինում:
Իրանց ավտոներն են թողնում, վրացիները սաղ իրիկուն գալիս, անցնում են, հայկական համարներով մեքենաների վրա շտրաֆեր են գրում: Կարող է մի հատ ֆուռ անցնես, դրա համար քեզ շտրաֆ գրի, տանի, աբյեզդ կանգնացնի», - ասում են վարորդները:
Պատմեցին, որ ծաղիկներ տեղափոխող բեռնատարը օրերս վերադարձել է Հայաստան, որովհետև բեռի մի մասն արդեն փչացել էր։ Կոնյակ տեղափոխվող վարորդներն էլ նեղսրտում են՝ թանկարժեք այդ խմիչքը նստվածք կտա, եթե չկարողանան բեռնատար սառնարանների ճիշտ ջերմաստիճանն ապահովել, դրա համար վառելիք է պետք, առայժմ վարորդներն են իրար օգնում։ Բարդ է, սակայն, խաղողի հարցը. «Մեքենան խաղող է բարձած, սալյարկես էլ վերջանալու վրա է, գայիշնիկին ասում եմ՝ գնամ, լցնեմ գամ, ասում է՝ չէ, ասում եմ՝ ապրանքը փչանում է, ասում է՝ կանգնի տեղդ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բեռնափոխադրումներ իրականացնող Գևորգյանը թերահավատ է, որ կարճ ժամանակում այլընտրանքային ճանապարհը կսկսի գործել
Կառավարությունում տեղյակ են, որ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհին այս պահին հարյուրավոր բեռնատարներ են հերթերի մեջ մնացել։ Վարչապետի աշխատակազմից փոխանցեցին՝ Փաշինյանն անգամ նամակով է դիմել Ռուսաստանի վարչապետին, փորձում են լուծումներ գտնել։ Օրերս էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր խորհրդարանում ասել՝ նախկինում պարբերաբար կրկնվող հերթերը 50 տոկոսով կրճատվել են մաքսազերծման 2-րդ գոտի բացելուց հետո, բայց խցանումները կրկնվեցին ՌԴ-ում հայտարարված մասնակի զորահավաքի օրերին, երբ շատ ռուսաստանցիներ փորձում էին Վրաստանով դուրս գալ երկրից։ Այս՝ վերջին հերթերի պատճառն էլ այն է, որ ռուսական կողմը խստացրել է ստուգումները Ղրիմի կամրջի պայթյունից հետո։
«Բայց պետք է նշել, որ այսօր խնդիրը լուծված չէ, և այսօր հայկական արտադրողները մեծ վնասներ են կրում այդ անցակետի ցածր թողունակության պատճառով», - ասել է նախարարը:
Այսօր արդեն Էկոնոմիկայի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ Վերին Լարսի անցակետում վերջին շրջանում հայկական բեռնատարների կուտակումները բավականին փոքրացել են, քանի որ Լարսի թողունակությունը վերականգնվել է։ Վերջին 10 օրերի ընթացքում Հայաստանից դեպի ԵԱՏՄ դուրս է եկել 1624 մեքենա, և ԵԱՏՄ է մտել 1540 հայկական մեքենա և անցել Ռուսաստան, ինչը ցույց է տալիս, որ հերթը Վրաստանի տարածքով նվազում է։ Սա Էկոնոմիկայի նախարարության դիրքորոշումն է: Վարորդները, սակայն, ասում են՝ իրենց մոտ ոչինչ չի փոխվել, ավելի քան 10-ն օր է՝ հերթերի մեջ են, անցակետին չեն էլ կարողանում մոտենալ:
«Ասում է՝ կանգնի, կանգնած մնա, ես կանգնած մնայի, ինձ տեղ չպահեին, աբգոն չանեի մի ավտոյի, մինչև հիմա մնալու էի Ախլցխայի ճամփեքին», - ասում են նրանք:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գործարարը պնդում է՝ բիզնես հիմնելիս խնդիրները հաղթահարում են, արտահանման հարցում՝ թևաթափ լինումՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն ի պատասխան վարորդների դժգոհության, թե հայկական համարներով մեքենաներն են հիմնականում մնում հերթերի մեջ, մյուսները՝ առաջ գնում, ասաց՝ այդպիսի դժգոհություններով իրենց ոչ ոք չի դիմել, իսկ հերթերը կարգավորելու համար դիմել են, իրենք աշխատում են։
«Խնդիրն առաջացել է դեռևս հոկտեմբերի երկրորդ կեսից, ռուսական կողմը սահմանային անցակետում հսկողական գործառույթները խստացրել է: Նախկինում մաքսային ընթացակարգերը տևում էին մեկ մեքենայի համար 30 րոպե, բայց հիմա բավական երկարել է այդ ժամկետը: Ամենօրյա ռեժիմով կառավարությունը քննարկումների մեջ է թե ռուսական կողմի հետ, թե վրացական կողմի իրավասու մարմինների, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի հյուպատոսության հետ, բայց այս պահի դրությամբ չեմ կարող ասել, որ որևէ հստակ որոշում կա»,- ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «19 օր ա կանգնած ենք ստեղ». Լարսը փակ է, հարյուրավոր բեռնատարներ խցանման մեջ են«Ազատության» հետ կապի դուրս եկած վարորդները ասում են՝ վառելիքը վերջանում է, որովհետև ստիպված են մեքենաները տաքացնում դրանցով, սնունդ էլ գրեթե չունեն։ Մինչ կառավարությունից տեղեկացնում են՝ տեղյակ են, քննարկումների մեջ են, վարորդներն ասում են՝ շուրջբոլորն անտառ է, մի օր գայլի բաժին կդառնան. «Պոպոք էինք ուտում, որովհետև պոպոքը շատ է, մեղր ունեինք, էդ էլ կերանք, պրծանք: Ով ինչ ունի՝ հանում են, դնում են, բոլորով ուտում ենք անապատի մեջ: Գիշերը չես կարում ավտոյից իջնես, գայլ է, որ ման է գալիս, տեղում կուտեն քեզ: Լույսերը բացվում են, մի քիչ իջնում ենք ավտոյից»: