Բայդենը հայտարարել է նախագահի պաշտոնում ևս մեկ անգամ առաջադրվելու ցանկության մասին

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարում է, որ դեմ չէր լինի մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին։ Սպիտակ տան 80-ամյա ղեկավարի խոսքով, սակայն, ինքը վերջնական որոշում դեռ չի կայացրել։

«Մեր ցանկությունը մեկ անգամ ևս առաջադրվելն է։ Մենք նման ցանկություն ունեինք անկախ միջանկյալ ընտրությունների արդյունքներից։ Եվ այն հանգամանքը, որ մենք հաղթեցինք, որ դեմոկրատները շատ ավելի լավ հանդես եկան, քան ակնկալվում էր, ստիպեց բոլորին թեթևացած շունչ քաշել», - հայտարարել է Բայդենը՝ նշելով, սակայն, որ հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրվելու վերջնական որոշումը կայացնելու է իր ընտանիքի անդամների՝ նախ և առաջ կնոջ՝ Ջիլի հետ խորհրդակցելուց հետո։

«Վերջին հաշվով սա ընտանեկան որոշում է։ Կարծում եմ, որ բոլորն էլ ցանկանում են, որ ես առաջադրվեմ, սակայն մենք պատրաստվում ենք քննարկել այդ հարցը։ Բացի այդ, այս հարցում շտապելու իմաստ ես չեմ տեսնում», - ասել է ԱՄՆ նախագահը։