Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճռից հետո ոստիկանական բաժնում մահացած Խալաֆյանի ընտանիքը ակնկալում է գործի վերաբացում

Վահան Խալաֆյանի մայրը դատարանի դահլիճում։ 2010 թ.

12 տարի առաջ ոստիկանության բաժնում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի ընտանիքում կորստի հետ դեռ չեն հաշտվում։ Քրոջ՝ Անիի խոսքով, մահվան հանգամանքներն է'լ ավելի են խորացնում ցավը։ Վահանին իրավապահները առանց արձանագրություն կազմելու բերման էին ենթրակել ոստիկանություն, որտեղ ժամեր անց նա մահացել էր։

«Ծանր է եղել բոլորիս համար, հատկապես մայրիկիս, եղբորս, իմ, մեր բոլոր հարազատության համար։ Եվ մինչև էսօր առանց արցունքների, առանց լարվածության չենք կարողանում հիշել։ Ես հիմա շատ լարված եմ, շատ հուզված եմ», - «Ազատությանն» ասաց Անին։

Վահան Խալաֆյան։ Ապրիլ, 2010 թ.

Ըստ պաշտոնական վարկածի, երիտասարդը ինքն իրեն դանակահարել էր ոստիկանների աչքի առաջ։ Հարազատները, սակայն, հայաստանյան քննությանը չէին հավատում, և պնդում էին, թե Վահանին իրականում սպանել են։

Աղմկահարույց դեպքից 12 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է այս գործով վճիռը՝ հաստատելով, որ Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանել անօրինական բերման ենթարկված Խալաֆյանին, խախտվել է նրա կյանքի իրավունքն ու խոշտանգումների արգելքը, իսկ մահվանից հետո «առանց հիմնավորման, հապճեպ ընդունվել է ինքնասպանության վարկածը», որը ո'չ նախաքննական որևէ փուլում, ո'չ դատավարության ընթացքում կասկածի տակ չի առնվել»։

«Դատաբժշկական քննության հետևանքով պարզվել էր, որ բազմաթիվ խոշտանգումների ա ենթարկվել եղբայրս։ Վերջում ձևակերպեցին ինքնասպանություն, այնինչ դանակի վրա մատնահետքեր չէր հայտնաբերվել», - ասաց Անին։

Եվրոպական դատարանը փաստել է, որ Խալաֆյանի ինքնասպանության վարկածն ամբողջովին կառուցվել է երկու ոստիկանների ցուցմունքների հիման վրա, որոնք ներգրավված են եղել միջադեպին և, ըստ ՄԻԵԴ-ի, «չէին կարող համարվել անաչառ վկաներ»։

«Իշխանությունների կողմից ոչ մի կարևորություն չի տրվել սուտ և ապակողմնորոշիչ ցուցմունքների փաստին։ Հակասությունները ճշտելու իրական փորձեր նույնպես չեն արվել», - գրված է վճռում։

Արա Ղազարյան

ՄԻԵԴ-ում Խալաֆյանի իրավահաջորդների ներկայցուցիչներից Արա Ղազարյանն ընդհանուր առմամբ բավարված է վճռով. - «Դատարանը անդրադարձել է ամենակարևորին. որ քննությունը արդյունավետ չի եղել, և ակնարկել է, որ քանի որ քննությունը շատ մեծ թերացումներով է իրականացվել, պետությունը չի ապահովել խոշտանգումից զերծ մնալու և նրա կյանքի անվտանգությունը։ Ակնարկել է Եվրադատարանը, որ հենց պետության ներկայացուցիչները, պաշտոնատար անձինք, այսինքն՝ ոստիկաններն են նրան կյանքից զրկել»։

Եվրոպական դատարանը շեշտում է, որ իրենց խնդիրը չէր պարզել Խալաֆյանի մահվան իրական պատճառը՝ միաժամանակ փաստելով, որ Հայաստանի իշխանություններն իրենք ոչինչ չեն արել այդ ուղղությամբ։

«Խալաֆյանը գողության կասկածանքով տարվել է ոստիկանության բաժին, որտեղ մնացել է մոտ ութ ժամ։ Ի՞նչ վերաբերմունքի է արժանացել, ի՞նչ հանգամանքներում է մահացել։ Այս հարցերը Հայաստանի իրավապահներին ու դատարններին չեն հետաքրքրել», - փաստում է ՄԻԵԴ-ը։

«Մեզ ամենաշատը ինչ էր զարմացնում. ինչպե՞ս կարող է անձը ինքն իրեն դանակահարել երկու անգամ, եթե նրա շորերի վրա դանակի հետք չկա։ Ինչ է, ինքնասպանություն գործող մարդը նախ պետք է ասի՝ մի րոպե, կներեք, մի հատ վերնաշապիկս բարձրացնեմ, հետո ժակետս բարձրացնեմ, հետո գոտիս արձակեմ, իջեցնեմ տաբատս ներքև ու նոր ինձ հարվածե՞մ։ Պատկերացնո՞ւմ եք ինչ աբսուրդի է հասել։ Բայց այդպես էր։ Դանակի հարվածները, որ նրա որովայնի վրա կային, պետք է որ շորերի միջով անցած լինեին, բայց շորերը չէին վնասվել», - նշեց փաստաբան Ղազարյանը։

Հայաստանյան դատարանը լիազորությունները գերազանցելու հոդվածով մեղավոր էր ճանաչել երկու ոստիկանի։ Նրանցից մեկը Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետ Աշոտ Հարությունյանն էր, մյուսը՝ օպերլիազոր Մորես Հայրապետյանը, որն ավելի ուշ համաներմամբ ազատվել էր պատժից։

2010 թվականին այս գործը մամուլի ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում էր։

ՄԻԵԴ-ի որոշմամբ կառավարությունը Խալաֆյանի իրավահաջորդներին պետք է տրամադրի 50 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Հարազատներին, սակայն, ավելի շատ արդարությունն է հուզում։ Քույրն ասում է՝ իրենք բավարված կլինեին, եթե գործը վերաբացվի. - «Եվ պատժվեն բոլոր այն անձինք, ովքեր որևէ առնչություն են ունեցել տվյալ գործի հետ։ Իսկ այդ մարդիկ շատ են, մեկը չի, երկուսը չի... շատ են»։

Թե' մինչև Եվրոպական դատարանի վճիռը, թե' հիմա առավել ևս Խալաֆյանի իրավահաջորդները վստահ են, որ իրական մեղավորներն ու գործը կոծկողներն այդպես էլ որևէ պատիժ չկրեցին։