Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել է զինուժը դուրս բերել ուկրաինական Խերսոնից, որը Մոսկվան օկուպացրել էր պատերազմի մեկնարկին, ապա՝ բռնակցել հանրաքվեով:
Ուկրաինայում տեղակայված ռուսական զորքի հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը Սերգեյ Շոյգուին առաջարկել էր Խերսոնի շրջանում Դնեպրի ձախ ափ փոխադրել ստորաբաժանումները: Շոյգուն ընդունել է առաջարկը:
«Շարունակեք զորքերի դուրսբերումը և ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու համար անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր մյուս ափ»,- կարգադրել է նախարարը:
Երկու բարձրաստիճան զինծառայողների զրույցի այդ հատվածը ցուցադրվել է Ռուսաստանի հեռուստատեսությամբ:
Սուրովիկինն իր առաջարկը պատճառաբանել է Դնեպրի աջ ափին բանակի մատակարարման դժվարություններով: Նա առաջարկել է այդ զորամիավորումները տեղակայել մյուս ուղղություններում:
Դա գործնականում նշանակում է հանձնել Խերսոնը: Վերջին շաբաթների ընթացքում տեղական ռուսական իշխանությունները բնակիչներին կոչ են արել հեռանալ Խերսոնից, քանի որ ուկրաինական ուժերը մոտենում են այդ տարածքներին: Գեներալ Սուրովիկինը վերջերս խոստովանել է, որ «Խերսոնի վերաբերյալ հնարավոր են ծանր լուծումներ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը Խերսոնի շրջանի բնակիչներին կոչ է անում անհապաղ տարհանվել