Ադրբեջանն այսօր գիշեր՝ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության օրը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Հայաստանի ուղղությամբ։ Ըստ Պաշտպանության նախարարության՝ թիրախում են եղել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված դիրքերը: Թե կոնկրետ որ հատվածներում են կրակել ՊՆ-ից չեն մանրամասնում։ Առավոտվա դրությամբ արդեն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր։
«Հստակ, թե որ դիրքերի ուղղությամբ են կրակ բացել, չենք նշի, բայց արևելյան ուղղությամբ տարբեր հրաձգային զինատեսկաներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ գիշերվա ընթացքում՝ տարբեր ժամերի: Հայկական կողմը կորուստներ չունի», - ասաց Պաշտպանության նախարարության խոսնակը:
Ադրբեջանի ՊՆ-ն էլ այսօր հաղորդել է, թե Արցախից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության բանակը հերքել է այդ տեղեկությունը։
Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը սադրանք է որակում Բաքվի հայտարարությունը։
«Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պրովոկացիաների, իհարկե, ամեն ինչ անում են, ատելություն է, ատում են մեզ, ի՞նչ անենք, տեռոր է տեղեկատվական», - ասաց Բաբայանը:
Երեկ Շուշիում՝ 44-օրյա պատերազմում հաղթանակի օրվա առթիվ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, թե սեպտեմբերյան մարտական գործողություններից հետո հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքները հիմա Բաքվի վերահսկողության տակ են, իրենց դիտակետում են Կապանը, Գորիսը, Սևանա լիճը, հայկական զինուժի դիրքերի մեծ մասը։
Ջերմուկը Ադրբեջանի թիրախում էր սեպտեմբերյան հարձակման ժամանակ, այս ուղղությամբ երկօրյա մարտերի ընթացքում ադրբեջանական ուժերը զգալիորեն առաջ են եկել՝ այժմ առողջարանային քաղաքից հակառակորդի ուժերը 4,5 կիլոմետր հեռավորության վրա են։ Ադրբեջանի դիտակետում հայտնված ջերմուկցիներն ապրում են պատերազմի տագնապով, ասում է քաղաքի ավագանու անդամ Սյուզան Ավետիսյանը։
«Ո՞նց կարող է տագնապ չլինի, երբ որ թշնամին ավելի է մոտեցել քեզ, ո՞նց կարող է տագնապ չլինի, երբ դու դրան պատրաստ չես եղել ու նման հրետակոծության տակ ես ընկել», - նշեց Ավետիսյանը:
Ադրբեջանական ուժերը շատ մոտ են նաև Վարդենիսի Վերին Շորժա համայնին։ Վերջին մարտերից հետո մարդիկ աշնանացանն էլ չեն արել, ադրբեջանցիների քթի տակ վտանգավոր է, ասում է գյուղապետ Արտյոմ Երանոսյանը։
«Ես ինքս աշնանցան ցորենը միշտ ցանել եմ 150-200 հեկտար, հիմա էս տարվա դրությամբ 30 հեկտար եմ կարողացել ցանել, քանի որ էդ 30 հա-ն էլ հազիվ ցանել եմ», - նշեց Երանոսյանը:
Վերին Շորժան ու Վարդենիսի տարածաշրջանի մի շարք համայնքներ անցած տարվանից են ադրբեջանական կրակոցների թիրախում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում արձագանքում են Ալիևի հայտարարություններին