Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշեր հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է առաջխաղացումը շարունակել Դոնեցկի շրջանից դուրս, սակայն Ուկրաինան որևէ պարագայում տեղի չի տա:
Զելենսկու խոսքով՝ թշնամին շատ ակտիվ գործողություների է դիմում և ամեն օր կատարում է մի քանի տասնյակ հարձակումներ:
«Շատ լարված վիճակ է Դոնեցկի շրջանում, թշնամու կողմից ամեն օր տասնյակ գրոհներ են, նրանք ահավոր կորուստներ են կրում: Բայց նրանց նպատակը նույնն է՝ առաջ շարժվել Դոնեցկի սահմաններից դուրս: Մենք մեր հողի ոչ մի սանտիմետր չենք զիջելու, շնորհակալ եմ Դոնբասում կռվող մեր հերոսներին»,- ասել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ Խերսոնի շրջանում ուկրաինացիները գործում են շատ ճշգրիտ, քանի որ վերլուծում ու հասկանում են թշնամու ծրագերը և նպատակները:
«Մենք ամեն բան անում ենք մեր տարածքն ազատագրելու համար, մենք հզորացնում ենք մեր դիրքերը և ամեն օր մեթոդաբար ոչնչացնում ենք մեր երկրի հարավը գրաված պահելու այդ զավթիչների կարողությունները»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Ըստ արևմտյան հետախուզական կառույցների զեկույցների՝ այսօրվա դրությամբ առավել ծանր մարտեր են ընթանում Բախմուտի, Սոլեդարի և Ավդեևկայի շուրջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսները հարվածներ են հասցրել Կիևին և ուկրաինական մի շարք այլ բնակավայրերին