Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում տեղյակ չեն, թե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ինչ տարբերակ են քննակել երեկ Վաշինգտոնում։
Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Հայաստանի արտգործնախարարությունը պատասխանել է անցած ամիս Ադրբեջանից ստացված խաղաղության պայմանագրի լրամշակված տարբերակին՝ ներկայացնելով այդ փաստաթղթղի շուրջ իր առաջարկները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքեն. Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում` խաղաղության հասնելու համարԿողմերը, նրա փոխանցմամբ, նաև այդ նոր առաջարկներն են քննարկել երեկ Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում. - «Հայաստանը մեկնաբանություններ և առաջարկներ ևս ներկայացրել է այդ տարբերակին Ադրբեջանի ուղարկած, և ըստ էության, ենթադրում եմ, որ հենց այդ հարցը քննարկման հարցերից մեկն է եղել տեղի ունեցած բանակցություններում Բլինքենի և Միրզոյանի միջև»։
Հարցին, թե արդյոք այդ լրամշակված առաջարիները շատ են տարբերվում ավելի վաղ ներկայացվածներից, Խանդանյանը պատասխանեց. - «Ըստ էության ես ինքս ծանոթ չեմ այդ առաջարկներին, բայց ես գիտեմ, որ դա կարծես թե հինգ առաջարկների ավելի բացված տարբերակն էր։ Նաև չգիտեմ մանրամասնորեն, թե ինչ առաջարկներ է Հայաստանը ներկայացրել, բայց գիտեմ, որ ներկայացվել են առաջարկները, և հենց էդ առաջարկների շուրջ պետք է խոսակցություն տեղի ունենա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը և Բայրամովը թափ կհաղորդեն բանակցություններին, կրկին կհանդիպեն առաջիկա շաբաթներինՆա հավելեց, որ տեղյակ չէ, թե արդյոք կողմերը եկել են փոխհամաձայնության. - «Արտաքին գործերի նախարարության արված հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ կան հարցեր, որոնք դեռ համաձայնեցված չեն, մնում են չհամաձայնեցված, և քննարկումները պետք է այդ ուղղությամբ շարունակվեն»։
Երեկվա եռակողմ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարն ասել էր, թե Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում խաղաղության հասնելու համար։
Հարցին, թե որոնք են այդ քայլերը, և արդյոք խոսքը փոխզիջումների մասին է, Սարգիս Խանդանյանը պատասխանեց, թե, իր համոզմամբ, Բլինքենը նկատի է ունեցել մինչև օրս կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունները. - «Օրինակ, Պրահայում տեղի ունեցած հանդիպումը և դրա արդյունքում եղած հայտարարությունը, երբ Հայաստանը և Ադրբեջանը ըստ էության վերահաստատել են, որ ճանաչում են փոխադարձ տարածքային ամբողջականությունը՝ Ալմա Աթայի հռչակագրի և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ Չկա որևէ հարց, որի շուրջ կա պայմանավորվածություն, փոխզիջումների գնալու որևէ դետալ, որը հանրայնորեն ասված չէ»։
Բլինքեն - Միրզոյան - Բայրամով հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարությունը տեղեկացրել է, թե կողմերը «վերահաստատել են շաբաթներ առաջ Պրահայում և Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները»։
Հարցին, թե արդյոք արևմտյան ու ռուսական նախաձեռնությունների հիշատակումը նպատակ ունի ցույց տալ, թե կողմերը չեն հակադրում Մոսկվայի և Վաշինգտոնի ջանքերը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական անդամն ասաց, որ առնվազն հայկական կողմը չի փորձում։ Խանդանյանն ընդգծեց` կարևոր է ոչ միայն այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնեն, այլ, որ միջնորդ կողմն էլ կարողանա երաշխավորել դրանց իրագործումը. - «Կարևոր է հատկապես այն հանգամանքը, թե միջնորդ կողմը արդյո՞ք պատրաստ է և կարող է երաշխավորել իր կողմից արված առաջարկները»։
Երեկ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը խորհրդարանում դռնփակ հանդիպում է ունեցել, և ադրբեջանական կողմի հետ քննարկումներից մանրամասներ ներկայացրել կուսակիցներին և կառավարության անդամներին։ Թեև հանդիպումն անցել է փակ ռեժիմով, սակայն Սարգիս Խանդանյանը վստահեցրեց, թե շրջադարձային նորություններ չեն լսել. միայն որոշ դետալներ, որոնց մանրամասները, սակայն, չգաղտնազերծեց. - «Գլխավոր մեսիջը այն էր, որ որևէ բան մեր հանձնառություններում չի փոխվել, խաղաղության օրակարգը մեր գլխավոր օրակարգն է այսօր, և մենք առաջ ենք շարժվում այդ ուղղությամբ»։
Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ մինչև տարեվերջ կնքվի խաղաղության պայմանագիրը, Խանդանյանն արձագանքեց. - «Խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ կնքելը մեր ցանկությունն է, մեր մտադրությունն է, և Հայաստանը պատրաստ է դրան։ Բայց հասկանում ենք, որ խաղաղության պայմանագիրը երկու կողմ ունի, և Ադրբեջանը ևս պետք է այս գործընթացին նպատակադրված լինի։ Եվ կան որոշակի հարցեր, որոնք պետք է հստակեցվեն խաղաղության պայմանագիրը կնքելիս, մասնավորապես՝ սահմանազատման հարցը։ Որովհետև պետք է հստակ լինի սահմանները, որպեսզի երաշխավորված լինի նաև այդ պայմանագիրը։ Ուստի կկնքվի՞ խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ, թե՞ ոչ, դժվար է ասել»։
Դեռ անցած ամիս Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ասել էր, թե կա պայմանավորվածություն մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Արմեն Գրիգորյանը պնդել էր, թե պայմանագիրն ու դելիմիտացիան փոխկապակցված են և պետք է միաժամանակ արվեն։
Այդ ժամկետին փաստացի մնացել է երկու ամիս. առաջընթացի մասին հաղորդումներ դեռ չկան։ Առայժմ հայտնի է միայն, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները այս ամիս ևս մեկ հանդիպում են ունենալու, կրկին Բրյուսելում: Օրը, սակայն, դեռ հստակ չէ: