Վրաստանը հիասթափված է, որ Մոլդովան և Ուկրաինան արդեն ստացել են Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին խոստացել են միայն հեռանկար: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Հանուն ժողովրդավարության համաշխարհային ֆորումում։
«Վրաստանը մեծ հիասթափություն ապրեց Ուկրաինային և Մոլդովային Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու գործընթացում», - ասել է Զուրաբիշվիլին՝ պնդելով, որ «վրացիներն այնքան եվրոպացի են և այնքան վաղուց, որ ինչ-որ պահի պետք է միանան այդ եվրոպական ընտանիքին»։ Թե ինչ նկատի ուներ Վրաստանի նախագահը «եվրոպացի» ասելով՝ նա չի հստակեցրել։
Վրաստանը Եվրամիությանն անդամակցության հայտ է ներկայացրել Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին, սակայն ի տարբերություն Կիևի և Քիշնևի՝ Եվրահանձնաժողովը մերժել է Թբիլիսիին թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ Միևնույն ժամանակ, դաշինքի գործադիր մարմինն առաջարկել է պաշտոնապես ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը ՝ հանձնարարելով մի շարք բարեփոխումներ իրականացնել: