Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու փոխանցմամբ, ռուսական ուժերը Դոնեցկի շրջանում ծանր կորուստներ են կրում: Այդ մասին նա ասել է երեկվա գիշերային տեսաուղերձում:
«Ռուսները շարունակում են ծանր մարտերը Դոնեցկի շրջանում, նրանք լուրջ կորուստներ են կրում, բայց չնայած դրան՝ շարունակում են իրենց զորակոչվածներին և վարձկաններին մահվան ուղարկել: Շնորհակալ եմ մեր զինվորներին, ովքեր կարողանում են դիմանալ այդ հիրավի ծանր ճնշմանն ու պաշտպանել դիրքերը», - հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը:
Զելենսկին նաև նախազգուշացրել է, որ ռուսները կարող են լայնածավալ նոր հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկայի հիմնարկներին:
Նա այդ մեկնաբանությունները հնչեցրել է ինն ամիս տևող պատերազմի այն շրջանում, երբ ուկրաինական ուժերը փորձում են աքցանի մեջ առնել Խերսոնը, բայց վճռական գրոհը դեռ չեն սկսել:
Արևմուտքը շարունակում է սպառազեն ու զինամթերք փոխանցել Ուկրաինային: Միացյալ Նահանգները ևս 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրելու: Դրանով Կիևին Վաշինգտոնի հատկացրած ռազմական աջակցությունը կգերազանցի 18 միլիարդ 200 միլիոն դոլարը: