Կիևի քաղաքապետը կիրակի երեկոյան կոչ է արել Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներին խուճապի չմատնվել։ Ռուսական զինված ուժերը շարունակում են ռմբակոծել Ուկրաինայի, այդ թվում՝ մայրաքաղաքի էներգետիկ ենթակառուցվածքները։
Երկու օր առաջ Վիտալի Կլիչկոն չէր բացառել բնակչության տարհանումը։ «Մի քանի օր առաջ լրագրողներն ինձ հարցրել են՝ հոսանքազրկման դեպքում մայրաքաղաքը ծրագիր ունի՞։ Կրկին կպատասխանեմ՝ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի», - նշել էր Կիևի քաղաքապետը՝ ընդգծելով, որ տվյալ պահին քաղաքային ծառայություններն ակտիվորեն աշխատում են էլեկտրամատակարարման խափանման հետևանքով առաջացած խնդիրները վերացնելու ուղղությամբ։ Նա հավելել էր, թե տեղի իշխանություններն անում են ամեն ինչ՝ բնակիչներին բոլոր անհրաժեշտ ծառայություններով ապահովելու համար. - «Բայց մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների, թեև ակնկալում ենք, որ վատագույնը չի լինի։ Ուստի այսօր խուճապի մատնվելու պատճառ չկա։ Կիևն ապրում և աշխատում է»։
Կլիչկոյի խոսքով՝ իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի նման սցենար տեղի չունենա, սակայն չեն կարող դա 100 տոկոսով երաշխավորել։ Նրա փոխանցմամբ՝ նոյեմբերի 6-ի առավոտյան առանց էլեկտրականության էր մնացել 450 հազար քաղաքացի։ Քաղաքի իշխանությունները հորդորում են քաղաքացիներին խնայել էլեկտրաէներգիան։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Տիմոշենկոն է հայտարարել, որ Կիևում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված իրավիճակը բարդ է։
Հոկտեմբերին և նոյեմբերին Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական ռմբակոծության պատճառով վնասվել են մի շարք էներգետիկ օբյեկտներ։ Ամբողջ երկրում ամեն օր մի քանի ժամով անջատվում է էլեկտրաէներգիան։