Մեր ռազմական դպրոցը, պայմանական սովետական դպրոցը մարտի դաշտում կենսունակ չէ. Պապիկյան

Պաշտպանության նախարարի գնահատմամբ՝ Հայաստանի ռազմական դպրոցը մարտի դաշտում կենսունակ չէ, և պետք է ամեն ինչ անել, որ զինվորը պատկերացնի, թե ինչ է արդի պատերազմը։

Երեկ խոհրդարանում պայմանագրային զինծառայողների ատեստավորման օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ այդ բարեփոխումների մեկնարկը տրված է. - «Մենք գնահատել ենք ու հասկանում ենք, որ մեր դպրոցը, պայմանական սովետական դպրոցը մարտի դաշտում արդեն որերորդ պատերազմում ցույց է տալիս, որ կենսունակ չէ։ Սա փաստ է, իրականություն է, և այս փաստի հետ պիտի առերեսվենք և, բնականաբար, ընդունենք համապատասխան որոշումներ։ Այդ որոշումները, ըստ էության, տեղի են ունենում, և մեր այս գործընթացները, որ մենք սկսել ենք, նաև դրա մասին են։ Այո, մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր զինվորը պատրաստ լինի, պատկերացնի ինչ է արդի պատերազմը, ունակ լինի վարելու արդի մարտ։ Թե հիմա ումից ինչ կվերցնենք, ոնց կադապտացվենք, ինչ հիբրիդային վիճակ կստանանք՝ սա ժամանակի հարց է։ Բայց էն, որ Զինված ուժերում դրա մեկնարկը ըստ էության տրված է, ես դա կարող եմ հավաստիացնել»։

Պապիկյանը փոխանցմամբ՝ պայմանագրային զինծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով Պաշտպանության նախարարությունն առաջարկում է հավելավճարներ սահմանել մարտական խնդիրներ իրականացնող, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար՝ պայմանով , որ նրանք ատեստավորում անցնեն։ Կառավարությունը այս նպատակի համար 66 միլիարդ դրամ է հատկացնելու։ Երեք տարբեր հանձնաժողովներ կստեղծվեն տարբեր կոչումներ ունեցող զինվորականների ատեստավորումն իրականացնելու համար։

Նախարարը մանրամասնեց՝ մարտական ծառայություն իրականացնող շարքային պայմանագրային զինծառայողը այսօր ստանում է մոտ 150 հազար դրամ աշխատավարձ, ատեստավորումից հետո արդեն մինչև 216 հազար դրամ կարող է ստանալ։ Իսկ ահա մարտական հերթապահանության դեպքում 380 հազար դրամ մաքուր աշխատավարձ կստանա։ Եթե ծառայում է հատուկ նշանակության ուժերում, աշխատավարձը 416 հազար դրամ կդառնա։

«Էս կարգավիճակի զինվորականության աշխատավարձը առնվազն կրկնապատկվում ա։ Իսկ սա շատ-շատ լուրջ է։ Լեյտենանտները բուհը ավարտելուց հետո, բացի նրան, որ կստանան բնակարան, կստանան շուրջ կես միլիոն դրամ մաքուր աշխատավարձ», - հավելեց նախարարը։

Ընդդիմությունը, սակայն, Պաշտպանության նախարարության այս բարեփոխման շուրջ լուրջ վերապահումներ ունի։ Պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կողմ է զինված ուժերում խրախուսման մոդելի կիրառմանը, սակայն մինչև այդ պետք է բարձրացնել զինծառայողների բազային աշխատավարձը և ավելացնել մարտական հերթապահություն իրականցնողների վճարները։

Աբրահամյանն ասում է, թե դեռ պարզ չէ, թե ինչ թեստերով է անցկացվելու ատեստավորումը, ինչպիսի վերահսկողություն է իրականցվելու և արդյո՞ք հավելավճարների արդարացի բաշխում է կատարվելու։

Ընդդիմադիր պատգամավորը համոզված չէ, որ զինվորականների 50 տոկոսից ավելին կարողանալու է հաղթահարել այդ ատեստավորումը։ Արդյունքում մի մասի աշխատավարձերը բարձրանալու են, մյուսներին կրկին մնալու են ցածր, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. - «Եթե այդ մեխանիզմները իրենց արդարացի սկզբունքները հանկարծ չպահպանեն, դա Զինված ուժերում շատ ավելի մեծ խնդիրներ է բերելու, քան ներկայումս առկա է՝ սոցիալական իրավիճակով պայմանավորված։ Այս իշխանության կազմակերպչական, կառավարման և մնացած որակները հաշվի առնելով՝ բնականաբար, իմ մոտ այս մեխանիզմների արդարացի ներդրման վերաբերյալ կան մեծ թվով հարցեր և կասկածներ»։

Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարի դիտարկմանը, թե Հայաստանի ռազմական դպրոցը մարտի դաշտում կենսունակ չէ, ապա Աբրահամյանն ասում է, որ այդ դեպքում ռազմական գերատեսչության ղեկավարը պետք է նշեր, թե հնից հրաժարվելով ո՞ր մոդելին են նախապատվություն տալու։

Բացի այդ, պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամի համոզմամբ, 44-օրյա պատերազմի, ինչպես նաև դրան հաջորդած ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի պարտությունների, մարդկային և տարածքային կորուստների պատճառը ոչ այնքան մոդելն է, որքան անվտանգության բնագավառում իշխանության քաղաքականության ձախողումը. - «Հիմնական խնդիրները կառավարման խնդիրներ են, տապալվում են, կապի ապահովման խնդիրներ են։ Նաև առաջնագծի ենթակառուցվածքների հետ կապված մեծ ուղղություններով կան խոշոր խնդիրներ։ Եվ այդ պայմաններում մենք գրանցում ենք այդ պարտությունների շղթան»։

Պաշտպանության հանձնաժողովը դրական եզրակցությունը է տվել պայմանագրային զինծառայողների ատեստավորման օրենսդրական փոխություններին։ Այն շուտով կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում։